Ոչ մեկը չի հարցնում՝ վարդը ինչու՞ չի բացվում, բոլորը քարկոծում են․․․
Թփի վրա գեղեցիկ վարդ տեսե՞լ եք, որ թփից կառչած ու շուրջը բույր տարածելով լուռ չորանում է։
Անահիտ Մութաֆյանի Life.panorama.am-ին տրված հարցազրույցից դա հասկացա․
«Վերջերս, որ հարցնում են,- պատմում է դերասանուհին, թե ի՞նչ կա անձնական կյանքում, ասում եմ այդ ի՞նչ է, ուտելո՞ւ բան է, թե՞ խմելու: Այսինքն՝ անձնական կյանքում ունայնություն է, այդ փոսը լցնում եմ երազներով»։
Լսում ու վատ ես զգում։ Դերասանուհին ապրում է իր երազներով։ Երազը նյութականացնում ու կյանքն իր ուզած գույներով է պատկերացնում։ Դերասանուհին իր ստեղծած հեքիաթից չի ուզում դուրս գալ և առնչվել իրական կյանքի հետ․ կյանքի կողքով անտարբեր անցնում է։
Դա ողբերգություն է, ներանձնային ողբերգություն։ Դա պայքարի յուրօրինակ ձև է, երբ դեմառդեմ հանդիպում է անարդարությունների ու փոփոխության չի սպասում։ Երբ ասում է․ «Երեխա ունենալու ցանկությունը մի պահ առաջացավ ինձ մոտ, հույս եղավ, որ մեր երկրում փոփոխություններ կլինեն, բայց վերջին մի քանի օրվա ընթացքում եկա այն եզրահանգման, որ ես չեմ ուզում այս երկրի համար զավակներ ունենալ»։
․․․ Զարմանալին այն է , որ ոչ մեկն այդ բառերի տակ թաքնված հիասթափությունը չի տեսնում։ Կինը չի ուզում մայրանալ, որովհետև երկրում փոփոխություն չի տեսնում։ Նա զրկում է իրեն կյանքից կարևոր մի երակից։
Ոչ մեկը չի ուզում հարցնել՝ վարդը ինչու՞ չի բացվում, բոլորը քարկոծում են․․․ Վարդը թփի վրա չորանում է, իր հողին, հեքիաթին, թատրոնին կառչած։ Շուրջը բուրում է․․․
Անտարբեր ու չար ենք։
Հասմիկ Բաբաջանյան