Ոչ մի գործարան խաղող չէր մթերելու, եթե...
Tert.am-ին տված հարցազրույցում «Վեդի Ալկո» ընկերության նախագահ Մանվել Ղազարյանն անդրադարձել է Մաքսային միությանը միանալու տնտեսական հեռանկարին, ազատամարտիկների խնդիրներին, 5-րդ գումարման ԱԺ–ին, իր և Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետ հարաբերություններին: Ներկայացնում են հարցազրույցից մի հատված.
- Պարոն Ղազարյան, Մաքսային միությանը միանալուն ինչպե՞ս եք վերաբերվում, հիմա արդեն որպես գործարար: - Մաքսային միությանը միանալու վերաբերյալ կարծիքս հայտնել եմ դեռ մայիս ամսին, կողմ եմ եղել և մնում եմ իմ կարծիքին, որովհետև Մաքսային միությունը մեզ համար ոնց որ մեր 200 տարի ապրած տարիներն են, մենք ոնց որ մեր տանն ենք: Մենք 200 տարի տնտեսապես ինտեգրվել ենք այդ դաշտին, այդ համակարգին և այսօր հաստատ այլ համակարգում տեղ չենք ունենա: - Ձեզ բավարարո՞ւմ են այն հիմնավորումները, թե ինչ է շահելու, ինչ տնտեսական օգուտներ է ունենալու Հայաստանը՝ միանալով Մաքսային միությանը: - Հենց միայն այն, որ մենք այդ շուկան չենք կորցնելու, արդեն իսկ հսկայական տնտեսական օգուտ է: Եվ եթե հանրապետության նախագահը չաներ Մաքսային միություն մտնելու հայտարարությունը, հաստատ այսօր՝ սեպտեմբերի սկզբից մինչև հիմա շարունակվող խաղողի մթերումը չէր իրականանա, ուղղակի չէր կայանա: Ոչ մի գինու, կոնյակի գործարան խաղող չէր գնի: - Նման ազդակներ ստացե՞լ էիք, որ ռուսները չեն պատրաստվում ընդունել հայկական գինին ու կոնյակը: - Ոչ, կարծես թե, այստեղ բոլորն էլ լիահույս էին, որ մենք միանալու ենք Մաքսային միությանն ու հակառակ ազդակներ չէին լինում: Թե չէ, եթե չմտնեինք Մաքսային միություն, ոչ մի գործարան խաղող չէր մթերելու, որովհետև հետո այդ ապրանքը իրացնելու տեղ չէր լինելու: Ընդհանրապես, Հայաստանը խաղողից պատրաստվող խմիչքների իրացումը հիմնականում իրականացնում է Մաքսային միության տարածքում՝ մոտ 95%-ով, և երևի մինչև 5 տոկոս չի կազմի այլ շուկաներում իրացվող քանակը: - Սեպտեմբերի 1-ից թանկացել են կոնյակները՝ ակցիզների ու էներգակիրների պատճառով: Հնարավո՞ր է, որ գինին ևս թանկանա՝ նույն գործոններով պայմանավորված: - Ճիշտն ասած, վերջին տասը տարիներին ամեն ինչը թանկանում է և թանկացել է, բացի գինուց, կոնյակից, օղուց, և բնականաբար, տեղի են ունենում թանկացման երևույթներ, որոնք կապված են էներգակիրների հետ, իսկ կոնյակի արտադրությունում շատ մեծ ծավալի հոսանք՝ էլեկտրաէներգիա, գազ, ջուր է օգտագործվում: Էնպես որ, թանկացումը բնական է, գինու մեջ՝ ոչ այդքան, բայց համենայնդեպս, եթե ոչ այս պահին, բայց ապագայում՝ առաջիկա տարիների ընթացքում թանկացումներ, անպայման, կլինեն: -Պարոն Ղազարյան, Արարատի մարզպետ է նշանակվել Արամայիս Գրիգորյանը: Ինչպե՞ս եք վերաբերվում այս նշանակմանը, օգուտ կտա՞ Արարատի մարզին: - Երևի զուգադիպություն է, քիչ առաջ ես զանգահարեցի և շնորհավորեցի Արամայիս Գրիգորյանին՝ մարզպետ նշանակվելու կապակցությամբ: Գիտե՞ք՝ ինքը, կարծես, սիրում է գործադիր իշխանությունում լինել, գործադիր մարմիններում աշխատել, իսկ եթե սիրում է, նշանակում է, իր մեջ այդ դաշտում աշխատելու համար անհրաժեշտ էներգիա, եռանդ կա: Ես վստահ եմ, որ լավ կաշխատի, երիտասարդ է նաև նպատակասլաց անձնավորություն է, նորմալ կաշխատի՝ ի բարօրություն մեր մարզի ու բնակիչների: -Ըստ որում` խոսվում էր ձեր երկուսի միջև թ՛ե նույն տարածքից առաջադրվելու և թե՛ գինի, օղի արտադրության մրցակցության մասին: - Ոչ, մեծամասնականով մենք իրար հետ չենք պայքարել: Ես պայքարել եմ լրիվ ուրիշ անձի հետ, ո՞նց էր ազգանունը … Ղուկասյան… Մենք կոնսենսուսի ենք հասել էդ հարցով, ու ո՛չ Արամայիսը, ո՛չ Արայիկը չեն առաջադրվել, իսկ 2012 –ին ես չառաջադրվեցի, Արայիկը առաջադրվեց: - Ազատամարտիկներն իրենց սոցիալական խնդիրներն են բարձրացնում, հացադուլ, նստացույց անելով, Ձեզ՝ որպես նախկին ազատամարտիկի եմ հարցս ուղղում՝ պետությունը պատշաճ ուշադրություն հատկացնո՞ւմ է ազատամարտիկներին: -Մենք ժամանակին անընդհատ խոսում էինք, որ մենք «վիետնամական սինդրոմ» կոչվածը չունեցանք մեր երկրում, որը ունեցան արևմտյան երկրները: Այսինքն՝ էն կռված տղաները, որ պատերազմից ետ եկան, անցան տնտեսությունում, ամեն մարդ ինչքան հնարավոր է՝ մենք մեկս մյուսին օգնեցինք, տեղավորեցինք աշխատանքի, ընդգրկեցինք մեր կառույցներում:
Մանրամասներն՝ այստեղ:
