Ոչ ոք ապահովագրված չէ անհաջողությունից. Վարդան Մինասյան
Ղազախական «Տոբոլ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Sports.kz-ի հետ զրույցում անդրադարձել է իր թիմի ելույթներին:
«Իմ առջև խնդիր էր դրված տեղ ապահովել առաջին վեցնյակում: Դա դժվար առաջադրանք էր, քանի որ աշխատանքս սկսել եմ 8-րդ տուրից: Թիմի հետ չեմ անցկացրել ուսումնամարզական հավաք, արտաքին ու ներքին սելեկցիա, յուրաքանչյուր դիրքում չկա անհրաժեշտ մրցակցություն մեկնարկային կազմի համար: Իմ խաղային փիլիսոփայությունը խաղացողներին հասցնելու համար ժամանակ է պետք:
Կանենք հնարավոր ու անհնարին ամեն ինչ արդյունքները բարելավելու համար: Խաղացողները վճռական են տրամադրված: Ղազախական ֆուտբոլի մակարդակը բարձրանում է: Դա են վկայում ղազախական ակումբների ելույթները եվրոպական մրցասպարեզում:
Բայց պետք է մեծ ուշադրություն դարձվի նաև մանկապատանեկան ֆուտբոլին ու ենթակառուցվածքների զարգացմանը:
Անհաջողությունը ևս մեր աշխատանքի մասն է: Ոչ ոք դրանից ապահովագրված չէ: «Կայրաթ»-ը, «Աստանա»-ն ու «Ակտոբե»-ն մրցանակային տեղերի գլխավոր հավակնորդներն են»,- ասել է Մինասյանը: