Ոչ ոք չի կարող միայնակ փրկվել, բայց միասին կարող ենք քայլել խաղաղության ճանապարհով. Հռոմի պապ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնորհավորել է հավատացյալներին Ամանորի կապակցությամբ և աշխարհում խաղաղության հաստատման կոչ է արել Խաղաղության համաշխարհային օրվա կապակցությամբ, որը Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից նշվում է հունվարի 1-ին։ Այս մասին գրում է gazeta.ru-ն:
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ընդգծել է, որ այսօր ավելի ու ավելի հստակ է զգացվում պատերազմի անթույլատրելիությունը, որը «մահ ու ավերածություն է սերմանում»։
«Մենք հույսը չենք կորցնում... Համավարակի փորձը մեզ սովորեցնում է, որ ոչ ոք չի կարող միայնակ փրկվել, բայց միասին մենք կարող ենք քայլել խաղաղության և զարգացման ճանապարհներով»,- ասել է հովվապետը։
Նրա կարծիքով՝ այժմ ամենուր հնչում է հետևյալը՝ «ո՛չ պատերազմին», «ո՛չ սպառազինությունների մրցավազքին»։
Առաջին Խաղաղության համաշխարհային օրը նշվել է 1968 թվականի հունվարի 1-ին, այն սահմանել է Պողոս VI-րդ պապը։ Ավանդույթի համաձայն՝ այս օրն աշխարհի բոլոր ծայրերումմարդիկ աղոթում են և մտածում խաղաղության մասին։