ՕԵԿ-ի նախաձեռնություններին ոչ ոք լուրջ չի մոտենում
«Չորրորդ իշխանությունն» անդրադարձել է ՕԵԿ-ի քաղխորհրդի նիստում կայացրած որոշմանը՝ ստեղծել «Հասարակական քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիա»՝ «Հայկական վերածնունդ» անվամբ և գրել է, որ ՕԵԿ-ի «Հայկական վերածնունդին» միացել են «Ազգային արժեքների պաշտպանություն», «Մեր տունը Հայաստանն է», «Լիբերալ-ժողովրդավարական կուսակցություն» (չշփոթել Հովհաննես Հովհաննիսյանի Հայաստանի Լիբերալ կուսակցության հետ), «Հայոց հայրենիք» կուսակցությունը։
«Սրանցից, թերևս միայն «Հայոց հայրենիքի» անունն է քիչ թե շատ ծանոթ և դա այն պատճառով, որ նախկինում այս մարդ կուսակցությունը Հայ Ազգային կոնգրեսի կազմում էր հետո ինքնալուծարվեց և միացվեց Հայ Ազգային կոնգրես կուսակցության, հետո պարզվեց «Հայոց հայրենիք» -ի ղեկավարը դուրս է եկել ՀԱԿ-ից և նորից հին կուսակցությունն է վերականգնել և հիմա էլ պտտվում է ՕԵԿ-ի շուրջբոլորը։ Այնպես որ, ՕԵԿ նախաձեռնությունները քաղաքական դաշտում վաղուց արդեն որևէ մեկը լուրջ չի ընդունում, լավագույն դեպքում «գնացած-ետ եկածները» կամ էլ ինչ-որ հայտարարություն ստորագրելով իրենց անունը հնչեցնել ցանկացողները»,-հավելել է թերթը։
