Օմբուդսմենն ԱԺ-ին խնդրում է, որ պահանջի դատախազից՝ փոխել իր գործելաոճը
Մեր արագ արձագանքման ծառայությունը ոստիկանապետի հետ աշխատանքի շնորհիվ եկել է այն եզրակացության, որ բռնությունները ոստիկանությունում նվազել են, բայց դատախազությունը քայլեր չի ձեռնարկել, որ անի իր գործը. այսօր Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի 2013 թվականի զեկույցը ներկայացնելիս ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը: Նա նկատեց, որ արձանագրվել է 363 բողոք, սակայն միայն 12-ով են քրեական գործեր հարուցել, ինչն ըստ ՄԻ պաշտպանի՝ զավեշտալի է:
Կարեն Անդրեասյանը նշեց, որ խափանման միջոց ընտրելիս դատախազությունը հիմնականում պահանջում է կալանավորում, և երկար ժամանակ խոսվում է, որ կլինի օրենսդրական փոփոխություն, նոր գործիքակազմ, բայց չկա:
«Քաղաքական ճիշտ գնահատականի դեպքում, եթե ԱԺ-ը պահանջի դատախազից, ապա գործընթացը հաջողություն կունենար: ԱԺ-ին Օմբուդսմենը խնդրում է, որ պահանջի դատախազից, որ փոխի իր այդ արատավոր պրակտիկան»,-ասաց նա:
Կարեն Անդրեասյանը նաև հայտարարեց, որ Գլխավոր դատախազը անձնական հարձակում է գործում իր նկատմամբ: Նշենք, որ արդեն մի քանի անգամ ՄԻՊ-ն ու գլխավոր դատախազությունը հրապարակային հայտարարություններով են հանդես եկել, ՄԻՊ-ը նշում է, որ դատախազության գործերի թերի քննման հետևանքով որոշ գործեր կոծկվել են, իսկ դատախազությունն էլ ասում է, որ ՄԻՊ-ն իր լիազորությունները չարաշահում է:
Անդրադառնալով ոստիկանության աշխատանքներին՝ Կարեն Անդրեասյանը նշեց, որ թեև դրական զարգացումներ շատ են եղել, բայց կան նաև բազմաթիվ խնդիրներ, որոնցից մեկն էլ այն է, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները շրջում են ցույցերի, խաղաղ երթերի ժամանակ: Բացի այդ նա տեղեկացրեց, որ ՄԻՊ-ն առաջարկել է տեղադրել տեսաձայնագրող սարքավորումներ ոստիկանության համապատասխան բաժիններում, սակայն միայն դրվել են տեսախցիկներ, որոնք ցույց են տալիս, թե անցուդարձն ինչ է, իսկ այն վայրերում, որտեղ կարող են ապտակել և այլ գործողություններ անել, տեսախցիկներ չկան:
