Որոշ փաստաբաններ ուղղակի հրաժարվում են զբաղվել իմ գործով․ Արթուր Չախոյանը հայտարարություն է տարածել
Ինձ անհրաժեշտ է բարձր որակավորմամբ՝ անկողմնակալ, քրեական գծով փաստաբան, քանզի տեսնում եմ, որ ինձ վրա կատարված մահափորձի գործը գնում է այլ ուղղությամբ՝ (պետական դավաճանություն) ինձ զրպարտելու միջոցով, և որոշ փաստաբաններ ուղղակի հրաժարվում են զբաղվել իմ գործով՝ քանի որ այս մահափորձի դեպքով հնարավոր է փոխկապակցվածություն քաղաքական ուժի հետ, այդ իսկ պատճառով հանրային եմ դիմում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը;
Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին երեկոյան, Երևան քաղաքի բնակիչ Արթուր Չախոյանից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Գայի պողոտայի շենքերից մեկի շքամուտքի մոտ երեք անհայտ անձ հարձակվել են իր վրա, սպառնացել, հարվածներ հասցրել, ինչի արդյունքում ինքն ստացել է մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի: Այդ ընթացքում նրանցից մեկը, ով սայթաքել և ընկել է, դանակով փորձել է հարվածել իրեն, սակայն ինքը, նրա ձեռքից բռնելով, խլել է այն: