Որքա՞ն արժե Աշոտյանի միջին «կլասի» կոստյումը.
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ելույթ ունենալիս, դիմելով ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, ասել էր, որ նրա կոստյումը մանկավարժի 4 տարվա աշխատավարձն արժե: Երեկ Ազգային ժողովում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցինք՝ իսկ իր կոստյումն ուսուցչի քանի՞ տարվա աշխատավարձն արժե: «Միջին իմ կոստյումն իմ աշխատավարձի մոտավորապես 20 տոկոսն է կազմում»,-ասաց նա: Այդքան էժան կոստյումնե՞ր եք հագնում, Աշոտյանը հակադարձեց. «Լավ ա չասեցիր՝ այդքան բարձր աշխատավա՞րձ եք ստանում: Իմ աշխատավարձը 720 հազար դրամ է կազմում, կոստյումներս էլ դրա 20-25 տոկոսն են»:
Այնուհետև Աշոտյանն անդրադարձավ պատգամավորների հագուկապին: «Ես չեմ տեսել Ազգային ժողովում վատ հագնվող պատգամավոր, անգամ ընդդիմադիր պատգամավորները բավականին կոկիկ, ճաշակով, տեսանելի հագնված են,-ասաց Աշոտյանն ու ավելացրեց:- Եթե լինեն տեղական արտադրության բաճկոնների, տեղական արտադրության կոստյումների նմուշներ մեր պատգամավորների հագին, գուցե ես էլ լինեմ հաջորդը, ով կգնի նաև այդ տեղական արտադրանքը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
