Օսիպյանի նկատմամբ հարուցված գործի մանրամասներ
Հատուկ քննչական ծառայությունը կարճել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Հիշեցնենք, որ փոխոստիկանապետի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, երբ որպես վկա ներգրավված Սմբուլ Հովհաննիսյանը հայտարարեց, թե Օսիպյանն իրեն առաջարկել է հանցավոր գործարքի գնալ և համաձայնել, որ որդին իր վրա վերցնի Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության մեղքը: Այս գործում շրջանառվում է նաև բարձրաստիճան ոստիկանի եղբորորդու անունը, ով արդեն վեց ամիս հետախուզման մեջ է:
«Այն, որ Օիսպյանը չպատժվեց, նշանակում է, որ եղբորորդին էլ կխուսափի պատասխանատվությունից, բայց քանի որ իր եղբորորդու գործը դեռ քննության մեջ է, ինչո՞ւ են կարճել այս գործը, կարճել են, որ հաջորդ գործն էլ կարճեն», - եզրակացրեց Սմբուլ Հովհաննիսյանը։ Գործում որպես վկա ներգրավված Հովհաննիսյանը պնդեց, որ գործի քննությունը մինչև այսօր միակողմանի է տարվել:
Հովհաննիսյանի պնդմամբ փաստաթղթերն առանց ստորագրության են, և վկաներից որևէ մեկի հետ մինչ այժմ չեն առերեսվել: Հատուկ քննչական ծառայության կողմից Օսիպյանի նկատմամբ քրեական գործը կարճելու որոշումը Սմբուլ Հովհաննիսյանը բողոքարկելու է դատարանում, արդեն նշանակված է դատական նիստի օրը:
