Օսիպյանը կատակել է Մանվել Գրիգորյանի լուսանկարի վերաբերյալ
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կատակել է նախօրեին հրապարակված «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի լուսանկարի առնչությամբ։
Օգոստոսի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին այն մասին, արդյոք նորմալ է գնահատո՞ւմ նման լուսանկարի հրապարակումը եւ իրականացվո՞ւմ է արդյոք ծառայողական քննություն, Օսիպյանը փորձել է կատակել. «Լուսանկարը տեսել եմ։ Բայց ի՞նքն է»։
Նկատառմանը, որ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը դատապարտել է այդ փաստը, Օսիպյանը հայտարարել է, որ տեղյակ չէ նախարարի հայտարարությունից, քանի որ ժամանակ չունենալու պատճառով դադարել է մամուլին հետեւել, իսկ լուսանկարը պատահական է տեսել (արդարադատության նախարարի եւ ոստիկանապետի մամուլի ասուլիսները միաժամանակ էին ընթանում,–խմբ.)։
Ամեն դեպքում, նշեց Օսիպյանը, «Մանվել Գրիգորյանը, եթե չեմ սխալվում ԱԱԾ մեկուսարանում է պահվում, ճիշտ կլինի հարցն ուղղել ԱԱԾ մեր գործընկերներին»։
