Ոսկե գնդակ. Ռեալը հավասարվեց Միլանին ու Յուվենտուսին, Բարսելոնան առաջատարն է
Երեկ՝ հունվարի 13–ին, տեղի ունեցավ տարվա լավագույն ֆուտբոլիստի համար տրվող Ոսկե գնդակի մրցանակի մրցանակաբաշխությունը։
Ինչպես հայտնում է armsport.am-ը, 2014 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Պորտուգալիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
Սա 8–րդ դեպքն է, երբ Ոսկե գնդակին արժանանում է «Արքայական ակումբի» ֆուտբոլիստը։ Նախկինում այդ պատվին արժանացել էին Ալֆրեդո Դի Ստեֆանոն (2 անգամ), Ռայմոն Կոպան, Լուիշ Ֆիգուն, Ռոնալդոն, Ֆաբիո Կանավարոն և Կրիշտիանու Ռոնալդուն, ով լավագույնն էր ճանաչվել նաև 2013 թվականին։ Ուշագրավ է, որ Ֆիգուն, Ռոնալդոն և Կանավարոն լավագույնն են ճանաչվել, երբ տարվա առաջին կեսն անցկացրել են այլ թիմի կազմում։
Այսպիսով, «Ռեալը» նվաճած 8 Ոսկե գնդակներով հավասարվեց իտալական «Միլանին» ու «Յուվենտուսին»։ Այս թիմերից առաջ է գտնվում միայն «Բարսելոնան», որի ֆուտբոլիստները լավագույն են ճանաչվել 10 անգամ։