Ոստիկանները՝ ռեկտորին. «Հոպար ջան, գնա քո գործով զբաղվի». «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 19-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տարածքում ուսանող է ձերբակալվել։
Համալսարանի աշխատակիցներից լրատվամիջոցը տեղեկացել է, որ այդ պահին համալսարանի ռեկտորն անցնելիս է եղել տնտեսագիտական ֆակուլտետի միջանցքով և տեսել է, թե ինչպես են ոստիկանները տանում երիտասարդին։ Երբ բուհի ղեկավարը մոտեցել է և հարցրել, թե ինչ է կատարվում, ոստիկանները մոտավորապես հետևյալ պատասխանն են տվել. «Հոպար ջան, գնա քո գործով զբաղվի»։
Երեկ Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Հայկ Ղևոնդյանից թղթակիցը փորձել է ճշտել, թե ինչու են տարել իրենց ուսանողին։ Նա ասել է, որ համալսարանից դուրս ինչ-որ միջադեպ է եղել երկու ուսանողների հետ կապված։
«Մի բան կարող եմ ասել։ Թյուրիմացություն է եղել, մեկը մեր ուսանողներից է եղել, մյուսը՝ ոչ։ Նույն օրը նրանք ազատ են արձակվել»։ Մանրամասների համար դիմեցինք ոստիկանություն։ Այնտեղից հայտնեցին, որ ուսանողներն Ագրարայինի տարածքից բերման են ենթարկվել թմրանյութ պահելու կասկածանքով. «Հոկտեմբերի 19-ին, ժամը 11:30-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992թ. ծնված Սմբատ Ա.–ին և 1993թ. ծնված Աշոտ Ա.–ին։ Աշոտ Ա.–ի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված։ Նշանակվել են տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ։ Կատարվում է հետաքննություն»»,–գրում է թերթը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
