Ոստիկանները հանցավոր խումբ են բերման ենթարկել
Սեպտեմբերի 14-ին, ժամը 10.00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժնում մի քաղաքացի հաղորդում է տվել, որ գիշերը անհայտ անձինք հարմարեցված գործիքով բացել են Սևանի Նալբանդյան փողոցում գտնվող իրենց խանութի դուռը, առևտրի կետից գողացել փող և ապրանքներ:
Քրեական հետախույզները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, սեպտեմբերի 18-ին Սևանի Նաիրյան փողոցից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Սևանի բաժին բերման են ենթարկել Չարենցավանի բնակիչ Մհեր Պ.-ին և երևանցի Գոռ Հ.-ին:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նրանցից բացի գողությանը մասնակցել է նաև Սևանի Նալբանդյան փողոցի բնակիչ Արամ Ա.-ն, որը նույն օրը նույնպես բերման ենթարկվեց:
Ըստ նախնական տվյալների, կասկածյալները գողության էին գնացել իրենց ընկերոջ «Նիսսան Տիանա» մակնիշի մեքենայով, որի վրա տեղադրված 35 MS 730 համարանիշները սեպտեմբերի 18-ին Արամ Ա.-ն հափշտակել էր Հրազդանի Երևանյան փողոցում կայանված «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի մեքենայից` աչքի ընկնելու դեպքում ականատեսներին հետքից շեղելու համար:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: