Ոստիկանությունն ուսումնասիրել է սպառնալիքի վերաբերյալ Սաքունցի հայտարարությունը
ՀՀ ոստիկանությունն ուսումնասիրել է հայտնի իրավապաշտպան Արթուր Սաքունցի՝ իրեն դիմահար կրակոցով սպանելու սպառնալիք տալու վերաբերյալ հայտարարությունը: Այս մասին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
«ԶԼՄ-ում Սաքունցի կողմից արված հայտարարությունը ուսումնասիրվել է, ուղարկվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանում` քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը ստուգելու և քր. գործ հարուցելու հիմքերի բավարարությունը պարզելու համար»,-ասվում է հայտարարությունում:
Սաքունցի հասցեին հնչեցված սպառնալիքները կապված են ֆեյսբուքյան իր մի գրառման հետ, որը նա արել է հունիսի 2-ին։ Դրանից հետո Աշոտ Ավանեսյան անունով մի օգտատեր սպառնացել է սպանել նրան։
