Ոտքը քվեարկության գործիք չէ. օգտատերը՝ Եվա Ռիվասի՝ ոտքով քվեարկության մասին(Տեսանյութ)
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Արման Սահակյանն անդրադարձել է «Հայաստանի ձայնը» նախագծում երգչուհի Եվա Ռիվասի կողմից ոտքով կոճակ սեղմելուն։
Ներկայացնում ենք գրությունն ամբողջությամբ:
«Չգիտեինք, որ Հայաստանում էլ կա մի ոլորտ, որտեղ կիրառվում է «ոտքերով քվեարկության «բանաձևը»: Սվազիլենդում, այո՛, կա նման բան, կոչվում է «ոտքերով քվեարկություն», սակայն սա այս երկրում ապրող ցեղի սոցիալ-մտածելակերպային վարքն է, որը դրսևորվել է քաղաքական պրակտիկայում: Բայց մեր սոցիալական ընկալումները ձեռքի վարպետության ու ձեռքի աշխատանքի արտահայտություն են:
Թեև շոու-բիզնեսը (Հայաստանում պայմանական է ասվում շու-բիզնես, քանի որ 3 միլիոնանոց երկրում չի կարող շոու-բիզնես լինել) մեր հանրային ընկալումների ամենալավ օրինակը չէ, և այն զանգվածային կուլտուրայի տիրույթ է, սակայն այստեղ էլ ոտքը քվեարկության գործիք չէ, որքան էլ գեղեցիկ լինի այդ ոտքը:
Ինչևէ, հասարակության զարգացումը ձեռքի զարգացմանը զուգընթաց է գնացել, և ոտքով տարատեսակ շարժումներն ամենևին էլ մոդեռնի նմուշներ չեն, հակառակը՝ ոտքը նախամարդու համար է եղել «գործիք»։ Դրա համար, քանի մենք զարգացման ռեգրեսի ու պրոգրեսի արժեբանական տարբերությունները չենք ընկալել, մենք մեր զարգացումը չափելի կդարձնենք քվազի-զարգացման ցուցիչներով...»։
