Ով է այդ մժեղը, ես մոծակների մասին կարծիք չեմ հայտնում. Լևոն Իգիթյանը՝ Անդրանիկ Նիկողոսյանի մասին
2014թ.-ի հունիսի 11-ի N 2222Ա որոշմամբ Ռուսաստանի ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի բարձրագույն պարգևով` Երևան քաղաքում հասարակական ակտիվ գործունեություն ծավալելու համար: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին առաջարկում են չեղյալ համարել 11.06.2014թ. N 2222Ա որոշումը և վերոնշյալ անձին զրկել բարձրագույն պարգևից։
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նրան նվիրած անվանական զենքը և մի քանի այլ անվանական նվերներ ետ է վերցրել։
Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, ճարտարապետ, Երևանի պատվավոր քաղաքացի Լևոն Իգիթյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում Անդրանիկ Նիկողոսյանի արտահայտած մտքերին։ Վերջինս պատասխանեց, որ Անդրանիկ Նիկողոսյան անուն-ազգանունով մարդու չի ճանաչում։
Լևոն Իգիթյանին փոխանցեցինք Անդրանիկ Նիկողոսյանի մտքերը, թե՝ Հայաստանը պետք է ռուսական կայսրության մաս կազմի։
«Այն, ինչ ասացիք, մանկապարտեզի մակարդակ է, մի ապուշ մի բան ասել է։ Իսկ ո՞վ ասաց, որ ինչ-որ պաշտոն ստանձնելով՝ դադարում է ապուշ լինելուց։ Այ քեզ բան։ Ես այս խնդրի մասին որևէ տեղեկություն չունեմ։ Պետք է հավաքվեն, քննարկեն, և ես, իհարկե, իմ կարծիքը, եզրակացությունը կանեմ, մինչդեռ հիմա անտեղյակ եմ, թե նա ով է, ինչ է։ Այդ վիրտուալ աշխարհում ով ինչ ուզում՝ ասում է։ Իսկ նախագահը որևէ բան ասե՞լ է, իսկ Պուտինը որևէ բան ասե՞լ է. դա ո՞վ է, ես չեմ հավատում, որ Ռուսաստանում ռազմավարական ինստիտուտի գլխավոր տնօրեն նման միտք արտահայտած լինի։ Պիոներական ճամբա՞ր է, մանկապարտե՞զ է։ Սա մեծ պետական հարց է»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք չէ ուշադրություն դարձնել։
