Ով գողացել է՝ թող նա վախենա, մենք Մարտի մեկից վախենալու ոչինչ չունենք
Նախօրեին խորհրդարանում, վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից արված հարցադրումը, «թե ի՞նչ է երկրորդ Մարտի մեկ եք ուզում լինի»…, մինչ օրս քննարկման լուրջ թեմա է դարձել: Չնայած նրան, որ Հ. Աբրահամյանը պատասխանելով լրագրողների հարցերին բացել էր չակերտները եւ փորձել էր պարզաբանումներ տալ իր ասածների հետ կապված, այնուամենայնիվ մարդիկ առաջին իսկ պահից նրա հայտարարությունը ընկալել են այնպես, ինչպես որ պատկերացրել են: Օրինակ` «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը դա ընդունել է, որպես սպառնալիք: Վարչապետի հայտարարության եւ հոկտեմբերի տասին քաղաքական եռյակի կողմից իրականացվող հանրահավաքի մասին, Fnews.am-ը զրուցեց Մանվել Եղիազարյանի հետ.
-Պարոն Եղիազարյան, ինչո՞վ է պայմանավորված Ձեր եւ Ձեր թիմակիցների մասնակցությունը հոկտեմբերի տասին կայանալիք հանրահավաքին:
-Որոշումը պայմանավորված է նրանով, որ ներկայիս ներքաղաքական իրավիճակը, եւ ժողովրդի սոցիալական պայմանները, ամեն մի հայրենասեր մարդու` ոչ թե ազատամարտիկի, իշխանավորի կամ քաղաքական գործչի, պարտավոր է դուրս բերել փողոց: Հասկանում ե՞ք, երբ ժողովուրդն արդեն խելագարության աստիճանի է հասնում, երբ մարդիկ ասում են ինձ կամուրջից կգցեմ ցած, կամ նման բաներ, դա արդեն նշանակում է, որ սա վերջն է. մեր ժողովուրդն էլ չի կարողանում դիմանալ: Ժողովուրդը հիմա սարսափելի խուճապի մեջ է: Ես հոկտեմբերի տասի հանրահավաքը կամ պայքարը չեմ անձնավորում, ինձ համար մեկ է` նա ով է, մյուսն ով է. մեզ ընդամենը կարգին երկիր է պետք, որ մեր ժողովուրդը չտառապի: Եթե մենք սիրելով մեր հայրենիքի համար զենք ենք բարձրացրել, ուրեմն ուզեցել ենք, որ այս մարդիկ լավ ապրեն. մենք հո շատ բան չե՞նք ուզում: Հենց այդ պատճառով հոկտեմբերի տասի համար որոշվեց, ու դա միայն ես չեմ որոշել, որ ամսի տասին մասնակցենք միտինգին. հետեւելու ենք դեպքերին, ելույթներին, որից էլ կարծիքներ ենք կազմելու ու դրանից հետո արդեն որոշելու ենք` ինչ անենք: Հոկտեմբերի տասից հետո ամեն ինչ շոշափելի կլինի եւ մենք կհասկանանք եռյակն իրականում ինչ է ուզում արած լինել ու ըստ դրա էլ կշարժվենք: Նորից եմ կրկնում, մենք պարտավոր ենք լինել ժողովրդի կողքին` լինի դա Սեւանում, Լենինականում, Հրազդանում, Երեւանում, թե այլ վայրերում: Մենք տեսնում ենք, որ այսօր բոլորը դուրս են եկել փողոց :
Տեսեք, թե ինչ է կատարվում շրջանառության հարկի մասին օրենքի դեպքում . փաստորեն, մարդիկ օրենքը մշակել են, իսկ ժողովուրդը նորից ընդվզում է:
Ես մի անգամ ասել եմ ու նորից կասեմ, որ այդ օրենքը նրա համար է, որ փոքր ձեռնարկությունները բոլորը փակվեն, գնան մեծ ձեռնարկություններում օրավարձով բանվորություն անեն, գումար ստանան 50-60 հազար դրամ եւ իրենց ստրկությունն անեն: Ես կարծում եմ, որ այս օրենքով նրանք ժողովրդին ավելի ու ավելի են ստրկացնում եւ դնում են վերջակետ` հասկացնելով, որ ժողովուրդն իրավունք չունի մի խանութ, գոնե մի փոքրիկ կրպակ ունենալու: Այ հենց այս պայմաններն են ինձ ստիպում լինել ժողովրդի կողքին. որովհետեւ մեզանից եւ ոչ ոք հավերժ չէ, մարդու միայն անունը կարող է հավերժ լինել, հենց դրա համար մենք որոշել ենք հոկտեմբերի տասին մասնակցել կայանալիք հանրահավաքին:
-Եթե մարդիկ ինչ-որ խնդրի շուրջ բողոքում են, իսկ որոշ անձինք էլ ցանկանում են լինել ժողովրդի կողքին, արդյո՞ք համեմատական անցկացնելով կարելի է ասել, որ «Երկրորդ Մարտի մեկ եք ուզում անել»..., արդյո՞ք սա վարչապետին հարիր խոսք է:
-Գիտեք, մինչ նա իր խոսքը մեկնաբանեց ու ասեց, որ այդ մտքով չի ասել, ամեն մեկը`դա ընկալեց յուրովի: Պետք է նշեմ, որ մեզ Մարտի մեկով վախեցնել պետք չէ. թող իրենք մտածեն, որ իրենք կարող է վախենան, մենք Մարտի մեկով ինչու՞ վախենանք: Ես այնքան արյուն եմ տեսել, մարտի դաշտում այնքան ընկերներ եմ կորցրել, պատկերացրեք ընկերոջս հետ հաց եմ կերել ու մի քանի ժամ հետո նրա դիակն են բերել պատառ-պատառ եղած, ես իմ ընկերների դիակներն եմ տեսել…այնպես, որ մեզ էլ ոչ մի բան չի վախեցնի: Ով գողացել է՝ թող նա էլ վախենա, մենք Մարտի մեկից վախենալու ոչինչ չունենք, դա ճիշտ չէ, հարիր չէ, թող ոչ մեկ իր վրա այդպիսի հարված չվերցնի այդպիսի խոսքերով: Թող ոչ մեկ նման պատասխանատվություն իր վրա չվերցնի: Գիտե՞ք իրենք ինչ են ուզում, նրանք ցանկանում են թալանել, ուտել, ու էդքանից հետո ամեն ինչ անել`որ մարդիկ փողոց դուրս չգան: Ես ապշում եմ այդ մարդկանց մտածելակերպի վրա: Կամ նրանք անխելք են, կամ էլ շատ խորամանկ. ես չգիտեմ իրենք ոնց են մտածում: Նրանք ասում են` մենք շատ լավն ենք. միլիարդների վրա նստել ենք, ու դու փողոց դուրս մի արի, թո՛ղ քո երեխան հաց չուտի, թո՛ղ քո երեխան շոր չհագնի, մի՞թե այդպես կարելի է շարունակել ապրել: Մենք չենք ասում ժողովուրդը թող միլիարդ ունենա. ո՛չ, թող հաց ուտի, չէ՞ որ ամեն մարդ հաց ուտելու, ամեն մարդ երեխա ունենալու, կրթելու իրավունք ունի: Ամեն մարդ իրավունք ունի փողոցում գլուխը բարձր ման գալու, մտածելով, որ իր երեխան այսօր կուշտ է: Գիտե՞ք մենք ժամանակին ինչի՞ ենք կռվել, գնացել ենք կռվի, որ մարդիկ հղփանա՞ն, միլիարդներ դիզե՞ն ու սրա-նրա հասցեին խոսե՞ն. ես պարզապես խնդրում եմ այդ մարդկանց, որ նման կերպ չշարունակեն, ոչ մեկ իրավունք չունի ծաղրելու իմ տարաբախտ, դժբախտ ժողովրդին:
-Արդյո՞ք ՀՀ իշխանությունները չգիտեն Ձեր կողմից թվարկված խնդիրների մասին:
-Իշխանությունն ինչ ասել է, անցել է ու հիմա այդ նույն իշխանությունը կորցրել է իր զգոնությունը, իսկ հիմա էլ մտածում են, որ իրենց ասածը կրկին անցնելու է: Հիմա մեր գողերից մեկը, ով միլիարդներ է գողացել չպետք է հինգ կամ թեկուզ երկու միլիոն ծախսի իր երեխայի հարսանիքի համար, որովհետեւ գալու է չէ՞ պատասխանի օրը: Երբ թերթերում գրում են, որ երկրի 40% աղքատության մեջ է, ապա մարդիկ իրենց այդպես պահելու իրավունք չունեն: Եթե դու քեզ առաջին հերթին մարդ ես համարում դու պետք է լինես հումանիստ, բորենին էլ է գալիս ուտում, կշտանում գնում է: Հայը պետք է ամեն մի հայի համար մղկտա, որ մարդ կարողանա իրեն մարդ զգալ:
-Տեսակետներ են պտտվում, որ քաղաքական եռյակը այնուամենայնիվ աՀովիկ Աբրահամյանի ասեղն է թելում, Դուք ի՞նչ կասեք դրա վերաբերյալ:
-Ճիշտն ասած, այդ մասին առաջին անգամ եմ լսում, մտքովս նման բան չի էլ անցել ոչ մի անգամ:Համենայն դեպս նման հարցերի պատասխանները կստանանք հոկտեմբերի տասից հետո:
Սոսե Չանդոյան
