Ովքեր են լինելու «եղանակ ստեղծողները»...
ԱՍԵԿՈՍԵ
2016 թվականի աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրությունները նախորդներից կարծես թե տարբերվելու են նրանով, որ նախորդ ընտրություններում իշխանության թեկնածուի ձայների ապահովումը դրված էր նաեւ մեծամասնականով ընտրված պատգամավորների, ինչպես նաեւ նրանց հետ սերտ կապերի մեջ գտնվող քրեածին տարերի վրա:
Այս ընտրարշավին, սակայն, իշխանական շրջանակներն ու հատկապես վերին էշելոնի ներկայացուցիչները օլիգարխներին միտումնավոր մեկուսացրել են` տպավորություն ստեղծելով, որ կրիմինալն ու օլիգարխիան տարանջատված է իշխանությունից:
Եվ այսպես, Fnews.am-ին հասած տեղեկությունների համաձայն, ՀՀ մարզերում թեկնածուներին աջակցելու լրջագույն գործը դրված է մարզպետների ու պետական սեկտորի կարկառուն ներկայացուցիչների, ասել է թե` պետական համակարգում պաշտոն զբաղեցնող չինովնիկների վրա:
Ի դեպ, այս պահի դրությամբ լուրեր են շրջանառվում նաեւ այն մասին, որ նախընտրական շտաբներում մեծ ֆինանասական ռեսուրսներ չեն ծախսվելու, ինչպես նաեւ իրենց թեկնածուներին «ռասկռուտկա» անելու համար մեծ ճիգեր չեն գործադրվելու:
Փոխարենը իշխանական շրջանակների ակտիվիստները ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ հիմա «ընտրատեխնոլոգիայի» մեկ այլ հնարք են սկսել բանացնել.այն է աշխատանքի տեղավորման խոստումներ, պաշտոնի առաջխաղացում, եւ կարեւորը՝ աչքի ընկնելու խիստ կարեւոր հանգամանք, որը հետագայում կարող է իշխանության ներսում դուռ բացել ընտրական կամպանիայի ընթացքում «եղանակ ստեղծողների» համար:
Նշենք, նաեւ որ այս պահի դրությամբ ամենաթեժ նախընտրական մթնոլորտը տիրում է Սյունիքի, Գեղարքունիքի, Արարատի, ու Լոռվա մարզում, ուր բավականին ուշագրավ զարգացումներ են սպասվում….
Հ.Գ Այս պահի դրությամբ հետաքրքիր խմորումներ արդեն իսկ սկսվել են Լոռու մարզում, որին խառնված են տարբեր տրամաչափի դեմքեր ու ազդեցիկ ֆիգուրներ: Հավելենք նաեւ, որ հատկապես Վանաձոր քաղաքում առավել թեժ նախընտրական իրավիճակ է տիրում, քանի որ ՀՀ Լոռու մարզի «Վանաձոր» նոտարական գրասենյակի նոտար Մամիկոն Ասլանյանին աջակցելու գործին են լծվել Վանաձորի գրեթե բոլոր հեղինակավոր դեմքերը՝ այդ թվում նաեւ ծնունդով վանաձորցի, ՌԴ-ում հաստատված գործարար Արմենը, «Սեզամ-գազ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մխոյանը (Սեզամի Արմենը), ինչպես նաեւ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանն ու նրա շրջապատը, քանի որ Դարբինյանները էս գլխից ուզում են Ասլանյանի սիրտը շահած լինել...
Նկատենք նաեւ, որ այս նախընտրական կամպանիայի ընթացքում քաղաքապետի թեկնածուին սատարելու առաջին հայտ ներկայացնողներից մեկը եղել է հենց ՌԴ-ում հաստատված վանաձորցի Արմենը, որն էլ մինչ այս պահը կարծես թե լուրջ ակտիվություն չի ցուցաբերում:
Հետագա զարգացումների մասին՝ հաջորդիվ...