Ողբերգական դեպք Երևանում. Վարդավառի այգու արհեստական լճակում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Վարդավառի այգում՝ արհեստական լճակում, երիտասարդ աղջկա դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր լճից դուրս են բերել երիտասարդ աղջկա դին:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Աշխեն Գալստյանի գլխավորությամբ:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ջրահեղծ եղած աղջկա ինքնությունը:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
