ՊԱՌԱԿՏՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԴԱՌՆԱԼ
«Պառակտվածությունը հատկապես Արցախում, հատկապես հիմա կարող է ճակատագրական դառնալ բոլորիս համար: Ընդհակառակը, մենք ամեն ինչ պետք է անենք սոցիալական, հոգեւոր ոլորտում, որ մեր ժողովուրդը մնա Արցախում, տեղավորվեն, տեղահանվածներն էլ Հայաստանից վերադառնան»: «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով Արցախում ներքաղաքական լարվածությանը, մասնավորապես` նախագահի հրաժարականի պահանջին, նման կարծիք հայտնեց Արցախի թեմի առաջնորդ ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ՝ ընդգծելով.
- Եթե մենք դրա մեջ հաջողություն ունեցանք, կնշանակի, որ Արցախը կապրի, որ արցախցու վաղվա օրը նկատելի է: Այլապես, եթե սկսենք մեկս մյուսին քննադատել, փոխզիջումների չգնալ, ապա մենք կկորցնենք ամեն ինչ: Իմ հորդորն այն է, որ յուրաքանչյուրս փորձենք ապրեցնել Արցախը, նոր շնչառություն տալ մեր մայրենի հողին:
- Ինչպե՞ս են արցախցիները կարողանում հաղթահարել պատերազմի հասցրած հոգեբանական վերքերը:
- Դժվար է այդ հարցին պատասխանել, որովհետեւ ինչպես արցախցու, այնպես էլ ողջ հայ ժողովրդի վերքը միայն մարմնական չէ, որը սպիանալու հատկություն ունի: Արցախցու վերքերըը երբեք էլ չեն սպիանա, որովհետեւ հոգեբանական վերքերը, ցավոք, սպիանալու հատկություն չունեն: Անհնար է մոռանալ այն, ինչ վերապրեցինք: Մարդիկ հիմա պարզապես հաշտվել են իրողության հետ, բայց չեն մոռանում պարտությունը, կորուստները: Որովհետեւ, կորստի ու պարտության հետ հաշտվելը գրեթե անհնար է:
- Սրբազան, հայաստանյան իշխանությունները հոգեւորականներից շատերին կոռումպացված են համարում:
- Ես մի բան կարող եմ ասել, հոգեւորականներն իրենց առաքելության մեջ են: Ինչպես պատերազմի, այնպես էլ հետպատերազմյան ընթացքում եկեղեցին եղել է իր քարոզչության մեջ, մշտապես կանգնած լինելով զինվորների կողքին: Եթե հոգեւորականը կոռումպացված է, դա նշանակում է, որ նա շատ հարուստ մարդ պետք է լինի, իսկ հարուստ մարդը դժվար հասներ ռազմի դաշտ եւ լիներ այն տարածքներում, որտեղ ամենաթեժ մարտերն են եղել:
- Մայր Աթոռը հանդես եկավ հայտարարությամբ «Իզմիրլյան» բկ-ի տնօրենի նկատմամբ իրականացվողը որակելով` որպես քաղաքական հետապնդում: Դուք ունե՞ք այս առումով Ձեր տեսակետը:
- Անարդար է կալանքի տակ պահել պատերազմի բովով անցած, հազարավոր կյանքներ փրկած, եզակի պարկեշտ անձնավորությանը: Չխորանալով գործի մանրամասների մեջ` պրոֆեսորի նկատմամբ իրականացվող գործողությունները ես դիտարկում եմ` որպես անարդարացի որոշում: Այդ մարդը միշտ ժպիտը երեսին մարդկանց օգնել է, բուժել, ապաքինել: Չի եղել դեպք, որ մենք որեւէ քաղաքացու, զինվորի բուժելու խնդրանքով դիմենք, ու ինքը անմիջապես քայլեր չձեռնարկի:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
