Պարոն Փաշինյան, մի՛ անտեսեք Հերոսի մոր խնդրանքը
Հերոս Արամայիս Ոսկանյանի մոր՝տիկին Անուշի համար մեծ ցավ է, երբ փորձում են արհեստականորեն ջրբաժան դնել մեր հերոս տղաների միջեւ: «Նրանք բոլորն էլ ընկան, որպեսզի մենք ապրենք» ,- ասում է տիկին Անուշն ու արցունքն աչքերին շարունակում.
-Աղջիկս, մենք երբեք չպետք է առանձնացնեք, թե երբ են զոհվել մեր որդիները: Մեր ՀԵՐՈՍՆԵՐԸ զոհվել են, քանի որ պատրաստ են եղել մինչև վերջին շունչը կռիվ տալ թշնամու դեմ, անմնացորդ տրվել են պայքարին բոլորը: Օրացույցի վրա չկա այնպիսի ամիս, որի ընթացքում հայկական կողմը զոհեր չի ունեցել: Այդ իսկ պատճառով, պետք չէ որեւէ ամիս առնձնացնել, քանի որ այդ տարանջատումով՝ բազմապատկվում է մեր՝ որդեկորույս մայրերիս վիշտը, անտեսվում է մեր ծանր կորուստը:
Հերոս ծնած մայրերի միակ մխիթարանքն ու ցանկությունն այն է, որ իրենց որդիների անունը հավերժ վառ մնա պատմության մեջ, և համապատասխան ուշադրության արժանանա, իսկ խտրականություն մտցնելն այս պարագայում առնվազն անհարգալից քայլ է:
Իմ որդին՝ Արամայիս Ոսկանյանը, եղել է 2016թ.-ի առաջին զոհը, նա զոհվել է հունվարի 9-ին` թշնամու գնդակից: Նա իր կրտսեր ընկերոջից տեղեկանալով լսվող կասկածելի ձայների մասին` իր պաշտպանության տակ գտնվող տարածքը հանձնել է նրան և գնացել դիտարկում կատարելու, որի ընթացքում էլ դիպուկահարի կողմից ստացել է մահացու վիրավորում: Նա այդպիսով փրկել է ընկերոջ և միաժամանակ տվյալ դիրքում գտնվող զինվորների կյանքը, քանի որ նրա զոհվելու հենց հաջորդ օրը տվյալ դիտակետի ուղղությամբ թշնամին ձեռնարկել է դիվերսիոն հարձակման փորձ և 2 զոհ տալով հետ շպրտվել: Այս սխրանքի համար որդիս պարգևատրվել է ԼՂՀ և ՀՀ նախագահների կողմից «Արիության» մեդալով:

Աղջիկս, զինվորը զինվոր է, զոհը՝ զոհ, անկախ զոհվելու տարեթվից և ամսից: Ապրիլին , հունվարին և ցանկացած ամսին իրենց կյանքը զոհած մարտիկները հավասար պիտի’ հիշվեն և հարգվեն բոլորի կողմից:
Եւ այսօր, որդեկորույս մոր խնդրանքը, ով ապրում է միմիայն իր որդու, մեր Հերոսի՝ Արամայիս Ոսկանյանի հուշերով մեկն է. որ
Գավառի համար հինգ հիմնական դպրոցը, անվանակոչվի որդու , մեր Հերոսի անունով, որովհետեւ Արամայիսը Գավառի մերօրյա միակ հերոսն է։ 1994-ից հետո Արամայիսը միակն է, որ Գավառից է զոհվել։
Դա է որդեկորույս մոր միակ եւ թախանձագին խնդրանքը: Այս կյանքում , ինչպես նշում է տիկին Անուշը ,իրեն մնացել են միմիայն որդու հետ կապված քաղցր հուշերը, անցած օրերը, որոնք այլեւս երբեք չեն վերադառնա:
Տիկին Անուշը, Fnews.am-ի խնդրանքով պատմեց մեր Հերոսի Արամայիս Ոսկանյանի ծառայության տարիների հուշերից, ու կոկորդում ցավը խեղդելով, հիշեց, թե որդին ինչպես էր Շնորհավորել մոր՝ տիկին Անուշի Ծննդյան Տարեդարձը:
Հ.Գ Պարոն վարչապետ, հարգելի իշխանավորներ, մի՛ անտեսեք որդեկորույս մոր խնդրանքը: Գուցե այդ օրը, տիկին Անուշի աչքերից արցունք քիչ հոսի…
Հաջորդիվ կներկայացնենք՝Արամայիս Ոսկանյանին նվիրված Հերոսապատումը:
