Պարտադիր կուտակայինից կամավորին անցումը պետբյուջեին արժեցել է շուրջ 90 մլն դրամ
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում կատարված փոփոխությունների արդյունքում, որով ոչ պետական հիմնարկների աշխատակիցներին հնարավորություն տրվեց հրաժարվել իրենց պարտադրվող սոցիալական վճար կատարելուց, պարզվում է պետական բյուջեին բավական թանկ է արժեցել` 89 820 000 դրամ:
Ճիշտ այսքան գումար է վճարել Ֆինանսների նախարարությունը «Այյունեթվորքս» ՍՊԸ-ին` եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման էլեկտրոնային համակարգն օրենքով նախատեսված փոփոխություններին համապատասխանեցնելու համար:
Հիշեցնենք՝ ԱԺ-ի ընդունած օրենքի փոփոխությունների և սահմաված կարգի համաձայն՝ սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու դեպքում աշխատողներն ու գործատուները մինչև օգոստոսի 20-ը պետք է համապատասխան դիմում ներկայացնեին: Հենց այս էլեկտրոնային դիմումների հիման վրա էլ «Այյունեթվորքս» ՍՊԸ-ն նրանց տվյալները պետք է հեռացներ ընդհանուր համակարգից:
Եվ այս աշխատանքը հոկտեմբերի 17-ին ֆինանսների նախարարության հետ կնքված գնման պայմանագրով գնահատվել է շուրջ 90 մլն դրամ:
Ի դեպ, նշենք, որ ՏՏ ոլորտի այս ընկերությունը, որը հիմնականում զբաղվում է հենց պետական հատվածի էլեկտրոնային համակարգերի մշակմամբ և սպասարկմամբ, ըստ մամուլի, շաղկապված է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ։
Իսկ ըստ պետռեգիստրում առկա տեղեկատվության՝ «Այյունեթվորքս» ՍՊԸ-ի հիմնադիրները երկուսն են` Ալեքսանդր Եսայանը, ով նաև ընկերության տնօրենն է, և Հայկ Խաչատրյանը, ով, դարձյալ ըստ մամուլի հրապարակումների, Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդին է:
