ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ԱՆԵԼԻՔԸ ՕՐ ԱՌԱՋ ՀԵՌԱՆԱԼՆ Է
Օրերս համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց Մարտունիում Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման թեման: Թեեւ ոչ պաշտոնական խողովակներով հետագայում այն հերքվեց, սակայն, արդյոք նման խնդրի առաջ կանգնելու վտանգ իրապես գոյություն չունի՞: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:
- Իհարկե, վտանգը միշտ առկա է: Թուրք-ադրբեջանական տանդեմը փորձելու է ամեն կերպ մեր տարածքից ընդհանրապես, իսկ իրենց կողմից բռնազավթված տարածքներում լիովին ջնջել եւ վերացնել ամեն ինչ, ինչը որ հայեցի է, հանդիսանում է պատմամշակութային արժեք եւ բարձրացնում է Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը: Կկարողանա՞ Արայիկ Հարությունյանը դիմակայել այս մարտահրավերներին. իհարկե՝ ոչ: Քանզի պարտության խորհրդանիշ հանդիսացող իշխանության միակ անելիքը օր առաջ հեռանալն է, որպեսզի կարող ուժերը պահպանեն այն ամենը, ինչը մնացել է եւ հետ վերադարձնեն այն ամենը, ինչը նրանք դավադրաբար հանձնեցին թշնամուն:
- Տիկին Հակոբյան, այս օրերին քաղաքական տարբեր ուժեր կրկին օրակարգ են բերել ՀՀ-ի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտությայն հարցը: Արդյոք մենք դրա իրական առիթը բաց չե՞նք թողել, ի՞նչ կտա այն այսօր:
- Տարիներ շարունակ ՀՀ իշխանությունները ներկայացրել են, որ իրենց կողմից Արցախի ճանաչումը այն վերջին փամփուշտն է, որը կկրակեն, եթե Ադրբեջանը փորձեր ռազմական ագրեսիայի միջոցով լուծել Ղարաբաղի հարցը: Ցավոք, 2020թ.-ի ողբերգության ընթացքում Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ի զորու չեղավ օգտագործել այդ փամփուշտը, այլ օժանդակեց թշնամուն՝ Արցախը բռնազավթել: Այսօր այս իշխանությունները ոչ միայն ի զորու չեն Արցախի անկախությունը ճանաչել, այլ որեւէ ազգանպաստ գործողություն կատարել: Կունենա՞ Հայաստանը հայամետ իշխանություն, կունենա՞ ազգային ռազմավարություն, որը միտված կլինի լուծել հայկական երկու հանրապետություններին նետված մարտահրավերները, այդժամ պարզ կլինի Արցախի ճանաչման հարցի անհրաժեշտությունը: Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ամբողջական եւ վերջնական լուծման համալիր միջոցառումների մի մասնիկն է:
