Պաշտոնյաներին մեկ գնդակը փրկեց
6։5՝ այսպիսի հաշվով նոյեմբերի 15-ին պաշտոնյաների և քաղաքական գործիչների ֆուտբոլային թիմը հաղթեց ուսանողներին։
Քաղաքական գործիչների թիմում խաղացին Հովհաննես Հովսեփյանը (ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար), Վարդան Արամյանը (ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ), ԱԺ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Հովհաննես Սահակյանը, Արծվիկ Մինասյանը, Արմեն Բաբայանը, Կարեն Ավագյանը, Կորյուն Նահապետյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը։
Երիտասարդների թիմում հանդես եկան ուսանողական կառույցների ներկայացուցիչներ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նկատեց, որ խաղի արդյունքն այնքան էլ էական չէ, քանի որ ընկերական այս հանդիպմամբ նպատակ ունեն խրախուսել առողջ ապրելակերպ։ Նա նշեց նաև, որ այսօր նման ընկերական խաղերն ու շփումներն ուսանողների և պաշտոնյաների միջև շատ հաճախակի են դարձել։ Իր ուսանողության տարիներին ընդամենը մեկ նման հանդիպում է եղել, և իրենք հավասար ուժերով մրցել են պաշտոնյաների հետ։