«Պաշտպանության նախարարը շատ ճիշտ է արել, որ այդպիսի հայտարարություն է արել». Նիկոլ Փաշինյան
«Պաշտպանության նախարարը շատ ճիշտ է արել, որ այդպիսի հայտարարություն է արել: Նրա աշխատանքն է՝ այդպիսի հայտարարություններ ոչ միայն անելը, այլև բովանդակությունը անհրաժեշտության դեպքում ապահովելը: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, կարևոր ենք համարում Արցախի ներգրավումը, ու ես ասել եմ՝ կարող եմ բանակցել ՀՀ-ի անունից, այլ ոչ՝ Արցախի, քանի որ Արցախն ունի պաշտոնյաներ ու կառույցներ»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նվիրված ենք հարցը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին: Ցավոք, Ադրբեջանն իր գործողություններով ու հռետորաբանությամբ խաթարում է խաղաղության մթնոլորտն ու հնարավորությունը, և մենք համարժեք ենք լինելու իրավիճակին: Եթե Ադրբեջանը կվերանայի իր մոտեցումն ու կնպաստի խաղաղության մթնոլորտի հաստատմանը, կլինենք համարժեք: Եթե այլ իրավիճակի ուղղությամբ գնա, կլինենք համարժեք»,- հավելել է Ն. Փաշինյանը:
Հիշեցնենք՝ օրեր առաջ հայտարարությամբ էր հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ով ասել էր, որ 2016թ. ապրիլյան ագրեսիայի կրկնության դեպքում հայկական կողմը կարող է զերծ չմնալ իր ունեցած ողջ զինանոցը կիրառելու «գայթակղությունից»՝ հակառակորդին վճռական և մասշտաբային դիմադրություն ցույց տալու համար:
