Փաստաբանական դպրոցի ավարտական քննություններից կտրվել են բարձրաստիճան պաշտոնյաներ.
Հրապարակ թերթը գրում է. Փաստաբանական դպրոցի ավարտական քննություններից կտրվել են նախկին եւ ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ: Փաստաբանի լիցենզիա չի ստացել ՀՀ գլխավոր դատախազության անձնակազմի բաժնի նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Վաղարշակ Վարդանյանը: Նա ազատվել էր աշխատանքից 2013թ., Գեւորգ Կոստանյանի դատախազ նշանակվելուց հետո: Կտրվել է նաեւ Տավուշի մարզի նախկին դատախազ, այդ պաշտոնից Կոստանյանի օրոք ազատված եւ Աղվան Հովսեփյանի կողմից Տավուշի մարզի քննչականի պետ նշանակված Աննա Մանթաշյանը: Մեզ հասած տեղեկություններով, նրանք չեն հաղթահարել քննության այն փուլը, որի ժամանակ բողոք են գրում: Նորություն չէ, որ իրավապահ համակարգի աշխատողների համար փաստաբանական գործունեությունը շահավետ հանգրվան է: Աշխատանքից ազատված քննիչները, դատախազները, թոշակի գնացող դատավորներն ավարտում են փաստաբանական դպրոցը, լիցենզիա ստանում, որ օր ծերության աշխատանք ունենան: Ավելի վաղ հայտնել էինք, որ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատավոր Վլադիմիր Գրիգորյանը, ով 64 տարեկան է եւ 1 տարուց պետք է հրաժեշտ տա դատավորի պաշտոնին, նույնպես սովորել է փաստաբանական դպրոցում եւ լիցենզիա ստացել: Անգամ Սահմանադրական դատարանի դատավոր, ԱԺ նախկին փոխխոսնակ Արեւիկ Պետրոսյանի եղբայրը՝ Գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Բագրատ Պետրոսյանը, ով վերջերս ազատվել է աշխատանքից, ցանկանում է փաստաբանությամբ զբաղվել:
