Փաստաբանները պահանջում են
Այսօր փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և փաստաբան Վահե Գրիգորյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացրել Հայկ Կյուրեղյանի գործով գանգատը: Փաստաբանները պահանջում են 2014թ. հունիսի 12-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտից ոստիկանության Կենտրոնի բաժին տեղափոխելիս, ապա նաև բաժնում Հայկ Կյուրեղյանին ծեծի ենթարկելու փաստերով ճանաչել վերջինիս նկատմամբ` ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտման փաստը, ինչպես նաև բռնությունների կապակցությամբ արդյունավետ քննություն չիրականացնելու փաստը:
Նշենք, որ Հայկ Կյուրեղյանը օրեր առաջ մոտ 15 օր հացադուլ էր հայտարարել, հյուծված վիճակում էր գտնվում։ վերջինս միայն դեկտեմբերի 14-ին դադարեցրեց հացադուլը։
Նշենք նաև, որ օրերս վերաքննիչ դատարանը մերժեց Հայկ Կյուրեղյանի բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը, որով վերջինս դատապարտվել էր 9 տարվա անազատության։
Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանը 9 տարվա անազատության դատապարտվեց անցած տարի հունիսի 12-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակելու եւ իբր դրանց արդյունքում ոստիկաններին վնասելու համար։