Պատգամավորի ՀՀԿ-ական թեկնածուն հայտնվել է ոստիկանությունում. նոր միջադեպ Գորիսում
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլի 2-ին կայացած ընտրություններից հետո ԱԺ պատգամավորի թեկնածու, ռեյտինգային ընտրակարգով Սյունիքի մարզում առաջադրված Առուշ Առուշանյանը հայտնվել է աղմկոտ մի միջադեպի առանցքում: Լրատվամիջոցներից մեկը երեկ գրել էր, որ Առուշ Առուշանյանը եւ նրա թիմակիցները հարձակում են գործել Գորիսի բնակիչ Շահում Դավթյանի տան վրա: Araratnews.am կայքի փոխանցմամբ`դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մարզում խոսակցություններ են սկսվել, որ պատգամավորական մանդատից հրաժարվելու է Սյունիքի գործող մարզպետ Վահե Հակոբյանը, իսկ նրա փոխարեն ԱԺ կգործուղվի Առուշ Առուշանյանը: Վերջինս էլ եղբոր եւ ընկերների հետ շտապել է տոնել հաղթանակը: Նրանք կերուխումը կազմակերպել են Շահում Դավթյանի տան հարեւանությամբ գործող օբյեկտներից մեկում, որից հետո Առուշանյանը որոշել է հաշվեհարդար տեսնել Դավթյանի հետ, այն բանի համար, որ ընտրություններում վերջինս սատարել է Աշոտ Արսենյանին, սակայն նրան չեն կարողացել հայտնաբերել տանը՝ եւ դրա փոխարեն հարվածներ են հասցրել Դավթյանի կնոջ ձեռքերին:
ՀՀ ոստիկանությունից armtimes.com-ին փոխանցեցին, որ այդ հրապարակման հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, այլ մանրամասներ չհայտնեցին՝ նշելով, որ քննություն է ընթանում:
Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ այսօր Առուշ Առուշանյանը եղել է ոստիկանությունում եւ պնդել, որ ինքը որեւէ առնչություն չունի այդ միջադեպի հետ: Մեր տեղեկություններով՝ միջադեպ իրականում եղել է, բայց դրդապատճառներն ավելի խորն են եղել. դրանք առնչվում են նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործոնի հետ: Առուշանյանների եւ Խաչատրյանի հարաբերությունները լարված են եղել դեռ նրա մարզպետ եղած ժամանակաշրջանում:
