Պատգամավորի որդուն մեծ շուքով կալանավորեցին, անաղմուկ բաց թողոցին
«Ժողովուրդը» գրում է. «Նախօրեին՝ երեկոյան, ԱԺ պատգամավոր ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Արսենյանը, ազատ արձակվեց: Նրան կալանավորել էին խուլիգանության ամենածանր հատկանիշներով՝ ապրիլի 17-ի գիշերը «Կրիստալ» գիշերային ակումբի բակում ծեծկռտուքի մասնակից լինելու համար: Գուրգեն Գուրգենի Արսենյանին մեծ շուքով կալանավորեցին, սակայն անաղմուկ բաց թողեցին: Ինչպե՞ս Ձեզ հաջողվեց բանտից ազատել Ձեր որդուն, «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին պատգամավոր Գուրգեն Արսենյանը պատասխանեց. «Նախ ասեմ, որ անձնական վիրավորանքներից բռնկված երիտասարդ տղաների կռիվ է, դա տղաների կռիվ է, եւ կարծում եմ՝ պետք չէ դարձնել այդքան լուրջ թեմա: Պատգամավոր եւ տաքարյուն երիտասարդ պատանիներ՝ տարբեր քաշային կատեգորիաներ են, եւ պետք չէ փոխկապակցել իրար: Երիտասարդների միջեւ անձնական վիրավորանքներից բռնկված միջադեպ է եղել, եւ ես, որպես ծնող, կատարել եմ իմ պարտքը եւ իրավական պաշտպանությունն եմ ապահովել, իսկ թե ինչ հիմքերով փոխվեց կալանավորումը, կարծում եմ՝ դա արդեն փաստաբանների բերված փաստարկների հիման վրա է արվել, որի մասին մամուլում բավականին խոսվեց, քննարկվեց, եւ կարծում եմ՝ այդ հարցով կարող եք դիմել իրենց, եթե գործի իրավական կողմն այդքան հետաքրքրում է Ձեզ»»:
