Պատգամավորներն էլի գողական են գնում
Հետեւելով Ազգային ժողովի քառօրյա նիստերին մեծ ափսոսանք կարելի է ապրել ու ասել, որ հոլիվուդյան շատ ու շատ աստղեր իրոք կերազեին ունենալ հայ տաղանդաշատ պատգամավորների բնատուր տաղանդի գոնե 10%-ը: Էմոցիաների հորդում, ծափահարություններ եւ գովեստի խոսքեր, բացակայում են միայն գեղեցիկ ծաղիկները, որոնք ըստ ավանդույթի պետք է նետվեն ոմանց ոտքերի տակ:
Քաղաքական դերասանների այս քառօրյայում հնչած ելույթներն ու հարցերն, ինչ խոսք, ապշեցնում են ոչ միայն հանրությանը, այլ նաեւ լրագրողներին, որոնք բացառիկ կարգով օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին նայում են վերեւից:
Փաստորեն, երբ գալիս է հոկտեմբերը պատգամավորներն էլ ավելի լավ են սկսում աշխատել ոչ միայն սեփական անձի այլ նաեւ այլոց <վրա>: Օրինակ՝ ամենաչարաճճի պատգամավորներից մեկը՝ <Ժառանգություն> խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը, սկսում է գողական <սխոդկաների> մասնակցել եւ բացահայտումներ անել, իսկ ԲՀԿ երիտասարդ ներկայացուցիչ Վահան Բաբայանն էլ, ցանկանում է կրկնօրինակել մյուս դերասան-կոլեգաներին, փորձելով ՀՀ Ազգային ժողովում <կռուտոյ> տղա ձեւանալ եւ իր արեւին խիստ հարցադրումներ անել ՀՀ կառավարությանը: Այս տեսարանը էլ ավելի է ծաղկացնում ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի, բոցաշունչ ելույթը, որն իբր խիստ հայերնասիրական ու առանց քաղաքական ենթատեքստի է գրված: Գրանցելով ԲՀԿ-ի <մաստեր կլասերի> վատ արդյունքները, որոշ երիտասարդ պատգամավորներ սուգ են պահում` սեւ փողկապով ու սեւ վերնաշապիկներով այցելելով խորհրդարան:
Գործելով ազատ ու անվախ, պատգամավորները խոսում են ինչ ուզում են եւ երբ ուզում են, սակայն այս ամենին որպես հավելում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը մեջբերում է հատվածներ Սուրբ գրքից : Հենց այստեղ է, որ հարց է առաջանում, իսկ ի՞նչ կապ ունեն այս ամենի հետ Զիմբաբվեի բնակիչները…
Սոսե Չանդոյան