Պատկառելի ունեցվածք դիզած պատգամավորի ընտանիքը ևս բյուջեից փոխհատուցում է պահանջել և ստացել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մուշեղ Պետոյանի ծնողների տունը եւս տուժել էր Արթիկում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով. վնասվել էր նրանց գույքը: Պատգամավորի ընտանիքը պահանջել էր պետբյուջեից փոխհատուցել իրենց կրած մի քանի հարյուր հազար դրամի վնասները, ինչպես մնացած` անապահով ընտանիքների դեպքում: Ու սա այն դեպքում, երբ Պետոյանը պատգամավոր դառնալիս 2012-ին հայտարարագրել է անշարժ գույք՝ իր հողամասով, երկու ավտոմեքենա` «TOYOTA LAND CRUISER» եւ «BMW X5» մակնիշների, երկու ընկերության բաժնեմաս, 60 հազ. դոլար եւ 40 մլն դրամ դրամական միջոց: 2015-ին դրամական միջոցները եղել են 140 մլն դրամ եւ 106 հազ. դոլար: Ամսական 520 հազար դրամ աշխատավարձից բացի՝ 2015-ին հայտարարագրել է 28 մլն դրամի եկամուտ: Բայց, չնայած այս ունեցվածքին, Պետոյանի ծնողները եւս Արթիկի քաղաքապետարանի սուղ միջոցներից օգնություն են ստացել, ինչը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցում հաստատեց Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
