Պայթյուն և փլուզում՝ Արագածոտնի մարզում․ ընտանիքի 3 անդամներ, այդ թվում՝ երեխա, հոսպիտալացվել են
Մարտի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմանում ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ապա փլուզում, և կան վիրավորներ, գրում է shamshyan.com-ը:
Պարզվել է, որ 3 գազաբալոն, որոնք եղել են 3, 5 և 20 կգ-անոց, դեռևս անհայտ հանգամանքներում, պայթել են, ինչի հետևանքով 3 հոգի վնասվածքներ ու այրվածքներ են ստացել։
Օպերատիվորեն ժամանել է Թալինի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, որը 13-ամյա երեխային, 43-ամյա կնոջը և 54-ամյա տղամարդուն նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Թալին» ԲԿ, որտեղից կնոջն ու երեխային այս պահին Թալինի հիվանդանոցի բժիշկները տեղափոխում են Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրը հայտնում է, որ վիրավորները ընտանիքի անդամներ են։ Պարզվում է վիրավորների ինքնությունը։