Պեսկովն ասել է, թե որ երկրի ղեկավարը կարող է վերջ տալ Ուկրաինայում հակամարտությանը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով ուկրաինական հակամարտության արագ ավարտի հնարավորության մասին, այնքան էլ հեռու չէ իրականությունից. բավական է, որ Սպիտակ տունը հանձնարարականներ տա Կիևին, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է gazeta.ru-ն:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կարող է պայմանավորվել 24 ժամվա ընթացքում Ուկրաինայում հակամարտության դադարեցման շուրջ:
«Դե, տեսեք, հավանաբար տեսականորեն, պարոն Թրամփը հեռու չէ ճշմարտությունից. ԱՄՆ նախագահն իսկապես, եթե ցանկանում է վերջ տալ այս հակամարտությանը, կարող է դա անել շատ արագ՝ օգտագործելով իր հնարավորությունը, փաստորեն, պարզապես հրահանգներ տալով Կիևի ռեժիմին: Բավական է միայն Վաշինգտոնից Կիևի ռեժիմին հրահանգ տալ, համապատասխան հրահանգ, և այս ամենին կարելի է վերջ տալ: Իհարկե, ոչ մեկ օրում, ոչ երկուսում, բայց Կիևի ռեժիմի բանալին մեծապես Վաշինգտոնի ձեռքում է»,- լրագրողներին ասել է Պեսկովը։