Պեսոկը`պեսոկ է բերում.Սամվել Ալեքսանյանը փորձում է գնել մարզահամերգային համալիրը
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՇԱՈՏՆՈՒԿ
Սամուէլ Էլ-Էլը լքո՞ւմ է Հայաստանը: Ո´չ...
Հայ ժողովուրդը հերթական անգամ յուր տղայական, ես կասեի՝ մանկամսուրային անհանդուրժողականության թթվաշ պտուղներն է ճաշակում... Խնդրեմ, Սամուէլ Լ.Լ-ն լքում է Հայաստանը: Գնում է Իրաք որպես դեսպան: (Եթե Իրաքում էլ նրան հանգիստ չտանք, այսինքն՝ օրնիբուն <միսը ծամենք>, նա կարող է խիստ վրդովվել և դառնալ Մոզամբիկի Դդմաշեն գյուղի դդմահանդերի սեփականատերը, հեռու շառ ու փորձանքից և որոշ մարդկանց երախտամոռությունից): Իսկ գիտե՞ք, թե ինչու, որովհետև վիրավորված է ձախ ոտքից մինչև աջակողմյան թոքի վերին հատվածը: Իսկ ինչո՞ւ է վիրավորված այս տակավին աշխույժ պատանին. մի՞թե պարզ չէ, չէ՞ որ նա մեր թեյը քաղցրացնում է ու մեր կարտոֆիլի տապակայի ձեթն է հասցնում: Դե եկեք պատկերացնենք, որ երկիրը թեյում է առանց շաքարավազի, որ մեր թխվածքում շաքարի բացակայությունը խիստ զգալի է, որ «պեռաշկին» ճարպով ենք տապակում, որ «Նատալի ֆարմը» փակվում է և հայ անմարիֆաթ ժողովուրդը քաղաքից քաղաք, գյուղից էլ գյուղ է դեգերում` գլխացավի հաբերի կամ մազոլի դեղերի համար: Եղա՞վ: Իհարկե՝ ոչ: Երկիրը, կներեք, վարի չի՞ գնա: Անշուշտ՝ կգնա: Ուրեմն պիտի պահպանենք տիար Սամուէլ ԼԼ-ին և ավելին. նրա ողորմածությանը հանձնենք մարզահամերգային համալիրը: Այնպես որ, մեծից փոքր եկեք շրջան կազմենք, ջանգյուլումներ երգենք և քայլարշավենք դեպի կառավարական տուն: Յուրաքանչյուրիս ձեռքին պիտի լինի մի դրոշակ, վրան պատկերված պիտի լինի ԼԼ-ի նկարը (աջ կողմում), համալիրի ճակատը (ձախ կողմում), մեջտեղում էլ մի հպարտ գրություն. «Համալիրը Սամուէլին, պեսոկն ու ձեթն էլ հայերին»:
Բավ է լացենք կամ երբ ղողանջում են զանգերը
Մեր պատմության մեջ շատ են դառն ու աղի դեպքերը, երբ մեր արքաներն ու մյուս առաջավոր ազգային ջոջերը խռովել են, հեռացել են, մոռացել են: Քանզի հավուր պատշաճի չեն գնահատվել...
Մի խոսքով՝ արդարությունը վերականգնում ենք...
Համալիրը նվիրաբերում ենք...
Սամուէլ Էլ-Էլ-ին հայտարարում ենք ազգային-պետական արժեք, այսինքն՝ շահում ենք նրա ազնիվ և շաքարակալած սիրտը:
Տիար Էլ-Էլը վերջապես և վերջնականապես շաքարավազը, հազա՜ր ներողություն, քարը թափում է փեշից: Այսինքն՝ շարունակվում է ՆՐԱ և ԱՐԱՐԱՏ լեռան խորախորհուրդ երկխոսությունը վասն ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՅԻ... Այս իմաստուն որոշմամբ այլևս անհետանում է «Լացը լաց է բերում» կիսաապուշ կարգախոսը... Այն փոխարինվում է հետևյալ նշանակալից նշանաբանով.
ՊԵՍՈԿԸ ՊԵՍՈԿ Է ԲԵՐՈՒՄ...
Միայն թե երազախաբ չլինենք
Նշանաբանը արձանագրելուն պես ննջեցի և կողմնորոշիչ մի երազ տեսա... Համահայկական տոնահանդես էր: Համալիրը նշում էր իր 1 միլիոներորդ այցելուի ելքը`բայց արդեն, ՀՀ N1 շոգեբաղնիքից: Ես էի այդ այցելուն... վեր թռա:
Այսպիսով ի՞նչ պետք է անի տիար Էլ-Էլը
(Սույն ծրագիրը տրամադրում եմ նրան և ակնկալում 0000000000,05 տոկոս բաժնեմաս,նաև համալիրի պատերին ճակատով խփելու անվճար-ժառանգական իրավունք)
Համալիրը գտնվում է Երևանի աշխարհագրական կենտրոնում: (Հետևապես այն ահուսարսափ է սփռում մայրաքաղաքի մյուս թաղերի վրա, Յոնջալախից մինչև Վարդաշեն):
Երևանը համայն հայության մայր ոստանն է:
(Հետևապես համալիրով պնդված Երևանը մագնիսի պես ձգում է համայն հայությանը):
Համալիրը մայր ոստանի գլխավոր բոստանն է:
Գլխավորը հետևյալն է. պիտի հաշվի առնենք Էլ-Էլի ամեն բանում առաջինը լինելու վսեմ հանգամանքը: Եվ, բնականաբար, համալիրը վերականգնենք այս առաջնորդությամբ: Եկեք հիշենք. Էլ-Էլն առաջինը գրավեց պեսոկի շուկան և դարձավ ՀՀ N1 մենաշնորհատերը: Փա՞ստ է: Անշուշտ:Սակայն զատենք ցորյանը հարդից և գրկախառնվենք բուն խնդրին:
Այսպես, տիար Էլ-Էլը ՀՀ տնտեսության ազգակենտրոնացման միակ ջահակիրն է:
Տեսեք, նա բազուկի ցածրորակ սպիրտ էր ներկրում հարևան Իրանից: Սպիրտից էժան օղի էր քաշում: Օղին վաճառում էր անշառ գնով՝ 50 գրամը 50 դրամ: Այսինքն՝ մատչելի հանրության լայն խավերին: 200 գրամ նման օղի խմելուց հետո սպառողների մի ստված հատվածը կորցնում էր անուն-ազգանունը... Այ այստեղ է, որ բոցավառվում էր Էլ-Էլի հանճարը: Նա միանգամից դեղեր է ներկրում, դրանցով բուժում է մասնակի հիշողությունն ու <փախած քունը>: Մի՞թե վատ է: Չէ՞ որ փողերը մնացին ՀՀ-ում, ու ինչ կարևոր է, որ դրանք մի մարդու գրպանում են, չէ՞ որ տվյալ գրպանը ազգային-պետական արժեքի կարգավիճակ ունեցող Սամուէլ Էլ-Էլինն է: Այսինքն՝ մերն է, հեռակա կարգով: Այսպիսով, համալիրը դառնում է Համահայկական <գիտաhետազոտական> շոգեբաղնիք: Առաջինը` ՀՀ-ում, Կովկասում, առհասարակ Երկիր մոլորակում: Ուրեմն այսպես. հայերը ողջ հանրապետությունից օրը երկու անգամ օրենքի ողջ խստությամբ պիտի օգտվեն ՀԱ-ի `նշյալ շոգեբաղնիքից: Անվճար, բնականաբար օրական 1000 դրամը Էլ-Էլի հաշվին կփոխանցվի ոմանց կենսաթոշակից, ոմանց էլ՝ աշխատավարձից: Դուք հարցնում եք՝ քանի աշխատատեղ կբացվի՞: Ես պատասխանում եմ՝ 100 հազար: Ինչպե՞ս: Շատ պարզ. Համահայկական ԳՄ շոգեբաղնիքում կաշխատեն հսկիչները, <քիսաչիները>, `առնվազն (դոկտորականը`գրպաններում), նաեւ դափնետերեւով ծեծողները, յուրաքանչոյւորը` ոչ պակաս գնդապետի աստիճանով, եւ յուրահատուկ բուրմունքով գոլորշի բաց թողնողները:
Երանությո՞ւն է, երկրի տնտեսությունը ոտքի կկանգնի, Էլ-Էլն այսուհետ կդառնա ՀՀ իրական վարչապետը: Կներեք, իսկ հարակից ծառայություննե՞րը: Չէ՞ որ ՀԱ-ն պիտի ունենա յուր գիտությունների ակադեմիան, մամլո ծառայությունը, առողջապահության և բնապահպանության նախարարությունը: Ընդամենը մեկ օրինակ. ասենք, Զ գյուղի առաջադեմ անասնապահ Մռազը 40 օր չի լողացել, եւ ինչ, նա պետք է շոգեհարվի բնականաբար ՀԱ-ում: Միանգամից մարտական պատրաստակամություն է հայտարարվում, Մռազը տագնապ է հնչեցնում, անվտանգության աշխատակիցները վրա են հասնում և նրան դուրս բերում թիվ 666 անհատական շոգեբաղնիքից: Եվ հանձնում են առողջապահության ձեռքը:
Մի խոսքով՝ Մռազը ապաքինվում է, սույն պատմամշակութային իրադարձությունը լուսաբանվում է ԶԼՄ-ներով, նկարիչները կտավներ են քսմսում , երգահաններն էլ օրատորիաներ են ձոնում: Մի՞թե վատ է: Եվ այդպես Սամուէլ Էլ-Էլը մնում է ՀՀ-ում: Եվ բազմում է երկրի ու նրա ապագայի գլխին:
Ընդունեք հարգանացս հավաստիքները՝ ընդմիշտ ձեր ՍԵԹՅԱՆ ՎՌԱՄՇԱՊՈՒՀ
Հ.Գ.-Այստեղ չանտեսենք կարևոր մի հանգամանք: Համահայկական շոգեբաղնիքը միանգամից յուր վրա կբևեռի խաղաղասեր, կռվարար և, առհասարակ, հետաքրքրասեր մարդկանց ուշադրությունը: Եվ, բնականաբար, ՀՀ-ն շնորհիվ ՀԱ-ի` կվերածվի համաշխարհային զբոսաշրջային կենտրոնի, համահավասար հունական Ակրոպոլին, եգիպտական բուրգերին, ՀՀ պետբյուջեի ճեղքվածքին, և´, անշուշտ, և´ իհարկե, և´ վստահաբար Արգամիչի դարացնցիկ բարեփոխումներին:
Բնականաբար Արգամիչյան գոտկատեղից ներքեւ հասցվող հարվածներից հյուսիսն ու հարավը կորցրած գործարարների համար`կհայտարարվեն զեղչեր`00000000000000000000000000, 5 տոկոսով`շոգեբաղնիքում`մշտական տոմս ունենալու համար: Մնում է ասել բաղնիքդ անուշ, չմոռանալով օլիգարխիկներին հիշեցնել, որ սույն պատմամշակութային եւ ազգային –ազատագրական մեծագույն տաճար մուտք գործելուց առաջ պետք է անգիր արտասանեն շունն ու կատուն`թարգմանչի օգնությամբ....