Պետբյուջեն երկրում ստեղծված իրավիճակին համարժեք բյուջե չէ, այն «յոլա տանելու է»
Այս բյուջեն երկրում ստեղծված իրավիճակին համարժեք բյուջե չէ, և սա այն կառավարությունը չէ, այն իշխանությունը չէ, որ ի վիճակի է իրականացնել երկրի համար անհրաժեշտ փոփոխություններ:
Այս մասին Ազգային ժողովի նիստում` 2015թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ, մասնավորապես հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանը` հայտնելով, որ այս իսկ պատճառով իրենք չեն կարող կողմ քվեարկել ներկայացված բյուջեի նախագծին:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն էլ հայտնեց, թե «փորձում ենք բյուջեն անվանել սոցիալական, բայց բոլոր ջանքերի պարագայում այդուհանդերձ չի ստացվում, որովհետև երբ կարդում ես, օրինակ, ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ, չես կարողանում ոչ մի կերպ ընկալել, թե ինչպես մի քանի հազար դրամի ավելացմամբ ընտանիքներն իրենց կենսամակարդակը կբարձրացնեն, այն էլ` նպաստների միջոցով»:
ԲՀԿ ներկայացուցիչը տագնապալի համարեց աղքատության, գործազրկության պաշտոնական վիճակագրական ցուցանիշները, որոնք, ի վերջո, հանգեցնում են արտագաղթի:
Ըստ նրա` բյուջեի տարեցտարի քննարկման ժամանակ ակնհայտ է դառնում, որ «ինչ-որ նվազագույն, այն էլ բացարձակապես անբավարար կենսամակարդակ ապահովելու, ավելի ճիշտ` յոլա տանելու խնդիր է լուծվում»` տնտեսությունը ոտքի հանելու փոխարեն:
Միևնույն ժամանակ նա նկատեց, որ հասկանալի է, որ ներկայիս կառավարությունը նախորդից ստացել է «խայտառակ ժառանգություն», բայց այդուհանդերձ անհրաժեշտ է ինչ-որ ձևով միջոցներ ձեռնարկել:
