Պետությունը տեր չի կանգնում. հաշմանդամ օդաչուներից շատերը մահացան` այդպես էլ փոխհատուցում չստացած
Այսօր, կառավարության հերթակաՆ նիստի օրը հաշմանդամություն ունեցող 70-80 տարեկան նախկին օդաչուներն իրենց բողոքի ակցիայով, կառավարության շենքի բակում էին:
«Հայկական ավիաուղիներում» աշխատելու տարիներին հաշմանդամություն ստացած օդաչուներն ավելի քան 10 տարի չեն ստանում իրենց հասանելիք գումարները: Fnews.am-ի հետ զրույցում նրանք նկատեցին, որ իրենց թիվը սկսզբնական շրջանում հասնում էր 130-ի, իսկ այսօր հաշմանդամ օդաչուների շարքերը նոսրացել են. Նրանցից շատերն արդեն մահացել են:
Նարանց հանդիպումները վարչապետի հետ արդյունք չեն տվել և իրենց հասանելիք փոխհատուցումը դեռ չեն ստացել:
Օդաչուները պատմում են, որ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը ևս իրենց հույս է տվել, թե «մի անհանգստացեք` օրենքով պետությունը ձեր տերն է», սակայն փորձը ցույց տվեց, որ պետությունը տեր չի:
Փոխհատուցում պահանջող օդաչուներին էին միացել նաև 2001 թ. մայիսի 17-ին Թեհրան-Գորգան չվերթն իրականացնելիս վթարված ինքնաթիռի անձնակազմի 5 անդամների ընտանիքները:
Զոհվածների հարազատները վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունով պաստառներ էին բերել, որտեղ մասնավորապես ասվում էր. «Պարո'ն վարչապետ, վերականգնեք հաշմանդամ օդաչուների խախտված իրավունքները», «Պարո'ն վարչապետ, Իրանում վթարված ինքնաթիռի անձնակազմի 5 անդամների ընտանքիները պահանջում են օրենքով սահմանված ամսական գումարները»:
Վթարված «Յակ-40» օդանավի անձնակազմի անդամ Սարգիս Գրիգորյանի մայրը` Ջեմմա Հովհաննիսյանը 79 տարեկան է: Սարգիսը մահացել է, երբ նա 35 տարեկան էր: Ասում է, որ միակ որդին էր:
«Մինչև 2008 թվականը էլի բողոքներով տալիս էին թոշակս, ստանում էի տղայիս աշխատավարձի 60 տոկոսը: Բայց արդեն 8 տարի չեմ ստանում…»,- Fnews.am-ի հետ զրույցում ասաց զոհված օդաչուի մայրը:
Հարկ է նկատել, որ թե հաշմանդամ օդաչուներին և թե «Յակ-40» օդանավի անձնակազմի անդամների ընտանիքներին պետք է փոխհատուցեն «Հայկական ավիաուղիներին» պատկանող հողատարածքի վաճառքից գոյացած գումարներից: Սակայն 11 հա հողատարածքի համար արդեն 10 տարի գնորդ չի գտնվում։
