Փորձագետը վտանգավոր է համարում ֆեյքերի մասին հանրության պատկերացումը
Հայաստանում ձևավորվել է շատ հստակ պատկերացում, որ ֆեյքը վատ բան է, սակայն դա ոչ միշտ է այդպես:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 15-ին լրագրողների հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Տեղեկատվական անվտանգության և լրատվամիջոցների փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Հայաստանում ձևավորվել է շատ հստակ պատկերացում, որ ֆեյքը վատ բան է: Կարծում եմ, դա ոչ միայն սխալ կարծիք է, այլ նաև վտանգավոր, որովհետև դա իր մեջ պարունակում է ակնհայտ պահանջ, որպեսզի բոլորը ցանցում լինեն բաց, բայց ելնելով խոսքի ազատությունից և այլ հանգամանքից, օրինակ, քաղաքացիական ակտիվիստ լինել կամ քաղաքական ընդդիմադիր հայացքներ ունեցող, մարդ ցանկանում է թաքցնել իր ինքնությունը և ունի կարծիք: Այնպես որ, ֆեյք օգտատերերին դատապարտելը կհանգեցնի նրան, որ հանրությունը թույլ չի տա նրանց արտահայտվելու, ովքեր պարզապես բաց խոսել չեն կարող»,- նշեց Մարտիրոսյանը:
Անդրադառնալով «Դիանա Հարությունյան» կեղծ էջի օգտատիրոջ կալանավորմանը` փորձագետը նշեց, որ հանրությունը փորձում է այնպիսի գնահատականներ տալ, թե ֆեյք օգտատերերը ազգի դավաճան են և այլն, բայց կան արարքներ, որոնք, իսկապես, դատապարտելի են, բայց քրեորեն պատժելի չեն:
Բացի այդ, երբ մեկ կեղծ օգտատեր կարողանում է խարխլել ինչ-որ մի բան, խնդիրը այդ ինչ-որ մի բանն է, այլ ոչ թե կեղծ օգտատերը, որովհետև եթե ասեղով հնարավոր է ինքնաթիռ ծակել և այն խափանել, ուրեմն ինքնաթիռը ինչ-որ խնդիր ունի: Իհարկե, խնդիրներ կարող են առաջանալ` սոցիալական ցանցերի օգտատերերը կարող են ակտիվորեն և ագրեսիվորեն ազդել տեղեկատվական դաշտի վրա, բայց, միևնույն է, մենք պետք է սխալների ուղղում կատարենք, այլ ոչ թե ֆեյքերի որսով զբաղվենք»,- եզրափակեց Մարտիրոսյանը: