Պուտինն Օբամային առաջարկել է Սթիվեն Սիգալին Կալիֆորնիայում ՌԴ պատվավոր հյուպատոս դարձնել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2013 թվականին առաջարկել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալին Կալիֆորնիայում և Արիզոնայում Ռուսաստանի պատվավոր հյուպատոս դարձնել, գրում է BuzzFeed-ը:
Լրատվամիջոցի տվյալներով՝ Պուտինը նման առաջարկ է արել Հյուսիսային Իռլանդիայում անցկացված G8-ի գագաթաժողովի ընթացքում: Այդ մասին հայտնել է մի քանի աղբյուր, ովքեր մասնակցել են հանդիպմանը:
«Պուտինը հանկարծ նման բան առաջարկեց՝ Սթիվեն Սիգալին դարձնել Կալիֆորնիայում և Արիզոնայում Ռուսաստանի պատվավոր հյուպատոս և նրան դարձնել պոտենցիալ միջնորդ Սպիտակ տան և Կրեմլի միջև»,- ասել է աղբյուրը:
Պուտինի կարծիքով՝ Սիգալը համապատասխան թեկնածու կլիներ այդ պաշտոնին:
«Նա իսկական ամերիկացի հայրենասեր է և լավ գիտի Ռուսաստանը: Նա կապեր է պահում իր ռուսական արմատների հետ, քանի որ նրա տատիկը Վլադիվոստոսկից է եղել, ինչպես նաև բարձրաստիճան քաղաքական գործիչների հետ»,- ասել է աղբյուրներից մեկը:
