Պուտինը՝ Չերչիլի և Նիքսոնի օրինակով, ցանկանում է ամրապնդել ռուբլին թույլ տնտեսության հաշվին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձգտում է ազգային արժույթի ամրապնդման՝ ի հաշիվ տնտեսության թուլացման, գրում է Foreign Policy-ն։
Ինչպես նշում է պարբերականը՝ Պուտինը առաջին համաշխարհային առաջնորդը չէ, որը նման ռազմավարություն է ընտրել։ Որպես օրինակ՝ պարբերականը բերում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլին և ԱՄՆ նախկին նախագահ Ռիչարդ Նիքսոնին։
FP-ն հիշեցնում է, որ 2014 թվականի դեկտեմբերի 16-ին Ռուսաստանի բանկը կտրուկ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.5 տոկոսից հասցնելով 17 տոկոսի։ Հաջորդ առավոտ ռուբլին հետ բերեց իր արժեքի 10 տոկոսը դոլարի նկատմամբ, սակայն այնուհետև շարունակեց անկումը։ Պարբերականը նաև նշում է, որ ռուսական տնտեսությունը մնում է ծայրահեղ կախված նավթից ու բնական գազից։
Ռուսաստանի ֆինանսների առաջին փոխնախարար Տատյանա Նեստերենկոն կարծում է, որ ռուբլու փոխարժեքի ամրապնդումը կարող է կրճատել ոչ միայն եկամուտները, այլև պետբյուջեի ծախսերը, հետևաբար ազդեցությունը բյուջեի վրա հավասարակշռված կլինի։ ԿԲ առանցքային տոկոսադրույքն այս պահին կազմում է 14 տոկոս։
Ինչ վերաբերում է Չերչիլին, FP-ն հիշեցնում է 1920-ականներին նրա քաղաքականության մասին, երբ նա փորձել է ամրապնդել ֆունտը։ Կես դար անց Նիքսոնը ձեռնարկել է քայլեր՝ պահպանելու դոլարի դիրքերը որպես համաշխարհային պահուստային արժույթի։ Այս բոլոր և շատ այլ դեպքերում միջամտությունն անխուսափելիորեն հանգեցրել է բացասական հետևանքների, այդ թվում՝ սղաճի ավելի բարձր տեմպերի, աճի դանդաղման, գործազրկության աճի և կապիտալի արտահոսքի։
Պարբերականը նաև գրում է, որ Ռուսաստանին անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը, և հավելում, որ Մոսկվան պետք է հետևի Նորվեգիայի օրինակին, մասնավորապես, «մեկուսացնի» շահույթը էներգառեսուրսներից բարեկեցության սուվերեն հիմնադրամում, կատարի երկարաժամկետ ներդրումներ և անջատի տնտեսությունը հումքային շուկաներից ունեցած կախվածությունից։
