Պուտինը ԼՂ հակամարտության համատեքստում դարձյալ խոսել է Սումգայիթի էթնիկ բախումների մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն անդրադառնալիս դարձյալ խոսեց Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի և ադրբեջանիցների միջև տեղի ունեցած էթնիկ բախումների մասին, որոնք հետագայում տեղափոխվել են նաև Լեռնային Ղարաբաղի տարածք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս հարցին Պուտինն անդրադարձավ իր մամուլի ասուլիսի ընթացքում:
«Հակամարտության էթնիկական արմատները սկսվել են Սումգայիթից, հետո տեղափոխվել` Լեռնային Ղարաբաղ: Այստեղ յուրաքանչյուր կողմ ունի իր ճշմարտությունը: Լեռնային Ղարաբաղի հայերը ժամանակին զենք են վերցրել, որպեսզի պաշտպանեն իրենց կյանքն ու արժանապատվությունը»,- ասաց Պուտինը:
Վլադիմիր Պուտինը հավելեց, որ Լեռնային Ղարաբաղում այս տարի իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից, որովհետև լարվածությունը ձգվում էր երկար տարիների ընթացքում:
«Չեմ կարծում, որ սա տեղի ունեցավ արտաքին ազդեցության պատճառով: Բազմաթիվ փոխհրաձգություններ, փոքր բախումներ էին տեղի ունենում և այդ ամենը հանգեցնում էր հակամարտության: Ռուսաստանի դիրքորոշումը միշտ այն էր, որ մենք պետք է առանց արյունահեղության հասնենք պայմանավորվածությունների, այդպիսին էր մեր դիրքորոշումը նաև Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որտեղ համանախագահներ են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան»,- նշեց ՌԴ նախագահը:
