Պղնձի միջազգային գները սահուն նվազում են. Հայկական Ժամանակ
Այս տարվա հուլիսից սկսած պղնձի միջազգային գները սահուն նվազում են և նախօրեին նույնիսկ թարմացրեցին վերջին 9 ամիսների հակառեկորդը: Մեկ տոննա պղնձի գինը Լոնդոնի բորսայում կազմեց 6 հազար 580 դոլար: Դրանից ավելի ցածր գին Պղինձը ունեցել է մեկ էլ 5 տարի առաջ: Չնայած երեկ պղինձը փոքր-ինչ թանկացավ, սակայն վերջին ամիսների միտումները հոռետեսության հիմք են տալիս:
Գունավոր մետաղների միջազգային գները ընդհանրապես և պղնձի գինը մասնավորապես, մեծ նշանակություն ունեն մեր տնտեսաթյան համար, քանի որ այդ մետաղների հանքաքարերի և խտանյութերի արտահանումը նշանակալից տեղ է զբաղեցնում մեր արտահանման մեջ: Գների նվազումը հանգեցնում է արտարժույթի ներհոսքի նվազմանը և լրացուցիչ խթան հանդիսանում դրամի արժեզրկման համար: Եթե պղնձի գների նվազման միտումները շարունակվեն, ապա մասնավոր տրանսֆերտների ծավալների կրճատման հետ մեկտեղ կարող են ավելի բարդացնել Հայաստանի ֆինանսական առանց այդ էլ բարդ իրավիճակը: Դրանից բացի, հանքարդյունաբերողների վճարած հարկերը ուղիղ կապ ունեն գունավոր մետաղների միջազգային գների հետ: Եթե գները նվազում են, ապա նվազում են նաև հարկերը: Այլ կերպ ասած սա բարդ իրավիճակ կստեղծի նաև բյուջեի հավաքագրման իմաստով:
