Քաջարանցի նորածինը՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մասնագետների հոգատար ձեռքերում
Քաջարանի բնակիչ Արշակ Սաղաթելյանի նորածին որդին՝ Շառլը, նոյեմբերի սկզբին լույս աշխարհ է եկել առողջական լուրջ խնդիրներով: Փոքրիկի մոտ առկա էր փսխումային համախտանիշ, աղիների մասնակի անանցանելիություն: Նոյեմբերի առաջին օրերին հանրապետության ողջ տարածքում եղանակային պայմանների կտրուկ փոփոխությունը՝ առատ տեղումները, երեխային Երևան տեղափոխելը անհնար էին դարձրել: ԵՊԲՀ-ի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի մասնագետները ստեղծված իրավիճակում անհապաղ հասան օգնության: Հեռակապի միջոցով և արագ արձագանքման շնորհիվ տեղի մասնագետների հետ կազմակերպվեց անհրաժեշտ բուժօգնության տրամադրման ողջ գործընթացը: Եղանակային պայմանների բարելավումն արդեն օրեր անց թույլ տվեց բժիշկներին նորածնին անվտանգ տեղափոխել մայրաքաղաք և կայունացնել նրա առողջական վիճակը:
Նորածնի մեկշաբաթյա բուժումը բարեհաջող անցավ. այսօր փոքրիկը դուրս գրվեց բժշկական հաստատությունից և ծնողների հետ վերադարձավ Քաջարան: Շառլի օրինակը ընդամենը մեկն է այն տասնյակ երեխաների պատմություններից, որոնք անգամ հանրապետության հեռավոր մարզերից բուժօգնություն են ստանում այս հիվանդանոցային համալիրում:
Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում օրական միջինում բուժօգնություն է տրամադրվում ավելի քան երեք տասնյակ փոքրիկների: Երեխաներին և նորածիններին ապաքինելն ու լիարժեք կյանք վերադարձնելը հոգատար բուժանձնակամզը ոչ թե սխրանք, այլ ամենօրյա աշխատանք է համարում: Փոքրիկների զգալի մասն ընդունվում է համալիրի կազմում շուրջօրյա գործող արտագնա վերակենդանացման բրիգադի միջոցով:
Տեղեկացնենք, որ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկան բացվել է 1997թ:` արգենտինահայ համայնքի հովանավորությամբ: Ստեղծման օրից կլինիկան ղեկավարում է ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգ, մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանը: Կլինիկայում աշխատում են բարձր պատրաստվածությամբ մասնագետներ, որոնց մեծ մասը վերապատրաստվել է ԱՄՆ-ի, Գերմանիայի Դաշնության, Շվեյցարիայի, Հունաստանի, Նորվեգիայի առաջնակարգ կլինիկաներում: Կլինիկան ԵՊԲՀ-ի նեոնատոլոգիայի ամբիոնի ուսումնական բազան է:
Ներկայացնում ենք նաև ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի բնակիչ Արշակ Սաղաթելյանի շնորհակալական նամակն ուղղված ԵՊԲՀ «Մուրացան» հիվանադանոցային համալիրի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանին: Նշենք, որ Կլինիկական աշխատանքները ԵՊԲՀ-ում համակարգում է պրոռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մինասյանը:
