Քարահունջում կաթի մթերման արտադրամաս է բացվել
Քարահունջ համայնքում օրերս բացվեց կաթի մթերման արտադրամաս, որը համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը կարևոր իրադարձություն է համարում գյուղի համար: «Վերջապես կլուծվի կաթի իրացման խնդիրը, ինչը կնպաստի նաեւ համայնքի տնտեսական զարգացմանը»,- այդ մասին արտադրամասի բացման հանդիսավոր արարողության ժամանակ նշեց համայնքի ղեկավարը: Արտադրամասը հիմվել է «Orange» հիմնադրամի, Շվեյցարիայի համադաշնության զարգացման և համագործակալության գործակալության ֆինանսավորմամբ գործող «Ռազմավարական զարգացման գործակալություն» հ/կ-ի աջակցությամբ:
Արտադրամասի կառուցման համար նշված կազմակերպությունները և համայնքը ներդրել են 9.83 մլն դրամ, որով հնարավորություն է ստեղծվել տարեկան 200 տոննա կաթ մթերելու միջոցով 20 մլն դրամի եկամուտ ապահովել համայնքի բնակիչների համար:
Ողջունելով հանդիսության մասնակիցներին` «Orange» հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը նշեց, որ ամեն տարի հիմնադրամը տարբեր համայնքներում երեք ծրագիր է իրականացնում իր աշխատակիցների առաջարկով, բայց կաթի արտադրամասի կառուցման ֆինանսավորումը նոր ուղղություն է: «Ես առաջին անգամ եմ Սյունիքում եւ ուրախ եմ, որ այցելությանս առիթն այս գյուղի զարգացման նոր հնարավորությունների ստեղծումն է»,- ասաց Ֆրանսիս Ժելիբտերը:
Ի տարբերություն «Orange» հիմնադրամի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» հ/կ-ն «Անասնապահության զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակում նախորդ տարիներին ևս համագործակցել է Քարահունջի համայնքային իշխանության հետ, աջակցել է տարբեր հարցերում: Մասնավորապես, անասնապահության զարգացման համար իրականացրել է արոտավայրերի բարելավման, ջրխմոցների կառուցման աշխատանքներ: «Մեզ համար Քարահունջ համայնքը հուսալի գործընկեր է այն առումով, որ աշխատում են բաց, հրապարակային, թափանցիկ, ճիշտ են գնահատում իրենց խնդիրները»,- ասում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» հ/կ նախագահ Մկրտիչ Այվազյանը:
Կաթի իրացման հարցը կարևորում են նաև համայնքի բնակիչները` ասելով, որ Գորիս քաղաքի շուկայում գյուղատնտեսական մթերքների՝ հիմնականում բանջարբոստանային կուլտուրաների վաճառքի զգալի բաժինը քարահունջցիներն են ապահովում: Նրանք, սակայն, դժվարություններ ունեին անասնապահական մթերքների՝ հիմնականում կաթի իրացման հարցում, և այդ առումով կաթի մթերման արտադրամասի կառուցումը կարևոր էր:
