Քառօրյային զոհված հերոսների ծնողները` Մանվել Գրիգորյանի շուրջ բարձրացած աղմուկի մասին
Հունիսի 16-ին ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված գողությունը, որը կատարվել է Մանվել Գրիգորյանի և իր շրջապատի կողմից, մեզ խորը ցավ պատճառեց՝ մեր վիշտն ավելի բորբոքելով: Մենք՝ ապրիլյան պատերազմի նահատակների ծնողներս, մեր ցասումն ու վրդովմունքն ենք հայտնում այս առիթով: Պահպանելով անմեղության կանխավարկածը՝ հույս ենք հայտնում, որ այս աղմկահարույց և բարոյական ոչ մի չափանիշի մեջ չտեղավորվող թալանը կբացահայտվի բոլոր մանրամասներով, և բոլոր մասնակիցները կկանգնեն օրենքի առջև: Ավելորդ չենք համարում նշել, որ միգուցե այդ մեկ փամփուշտը, մեկ բինտը, մեկ շտապ օգնության մեքենան, մեկ ամենագնացը կարող էին փրկել մեր տղաներից որևէ մեկի կյանքը, էլ չենք խոսում սննդի մասին: Հարգելիʹ հայրենակիցներ, մենք դատապարտում ենք ինչպես այս, այնպես էլ ցանկացած տեսակի գողություն, որ կատարվել է բանակից:
Մենք փոքրիշատե կմխիթարվենք միայն նրանով, որ պատժվեն բոլոր մեղավորները: Հարգանքներով՝ ՀԵՐՈՍՆԵՐ 1.Արմենակ Ուրֆանյանի, 2. Ռոբերտ Աբաջյանի, 3.Անդրանիկ Զոհրաբյանի, 4.Քյարամ Սլոյանի , 5.Սասուն Մկրտչյանի, 6.Մհեր Երզնկյանի , 7.Վահե Զաքարյանի, 8.Նորիկ Գասպարյանի, 9.Ադամ Սահակյանի ծնողներ:
