Քաղաքական լարված վիճակը կտրականապես կզրկի տնտեսությունը օտարերկրյա ներդրումներից
1in.am-ը գրում է. Հայաստանի կառավարությունը երկրում ստեղծված ֆինանսատնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար նախատեսել է մի քանի գործիքներ, որոնցից ամենակարևորը օտարերկրյա ներդրումներն են, գործարար միջավայրի բարելավումը, փաստաթղթաշրջանառության թեթևացումը: Դրամի արժեզրկումը թեև դանդաղել է, սակայն կայունություն դեռ չի արձանագրվում, վարկավորումը դարձել է զսպված, սահմանին լարվածությունը՝ առավել ընդգծված, պակասում էին միայն քաղաքական ընդվզումները, արդեն դա էլ կա՝ ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության տեսքով: Բոլոր փաստացի հիմքերը կան, որ թվարկված բոլոր իրողություններն առաջիկայում ոչ միայն շարունակվեն, այլև նոր թափ ստանան:
Էկոնոմիկայի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրին, որ ներդրումների վրա տարբեր գործոններ կարող են ազդել, այդ թվում նաև՝ քաղաքականը, բայց քանի դեռ տեղի ունեցողը կարճաժամկետ է, չի կարող լուրջ ներգործություն ունենալ ոլորտի վրա: Բաժնի պետ Անահիտ Խեչոյանը նկատեց, որ այս պահին կան հետաքրքրվողներ, սակայն քանի դեռ իրավական և փաստաթղթային հաստատում չկա, ընկերությունների կոմերցիոն գաղտնիքը չեն կարող բացել:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ներդրումների համար ներկա պահին գրավիչ ոչինչ չկա մեր երկրում, և եթե լինեն քաղաքական լարվածություն, ցույցեր, արդյունքում որոշ ծրագրեր կսառեցվեն. «Խոսքն այն ծրագրերի մասին է, որոնք դեռ նոր պետք է իրականացվեն, իսկ արդեն եղածների դեպքում ստիպված կշարունակվեն կամ ժամանակավորապես կհետաձգվեն»:
մանրամասները` սկզբնաղբյուրում
