Քաղաքապետարանն արտիստներին և Նժդեհի Թոռանը բնակարան է նվիրել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու նիստը երեկ բացառիկ էր, որևէ հարցի շուրջ հակադարձում, ընդվզում չկար: Տարոն Մարգարյանը երանության մեջ ընթերցում էր օրակարգը, և ավագանին էլ սահուն հաստատում էր բոլոր հարցերը։ Մտածելու, որևէ հարցի վերաբերյալ փաստարկ հնչեցնելու ջանքեր նրանից չէին պահանջում: Օրակարգն ամբողջությամբ պատվավոր կոչումներ ու բնակարանային նվիրատվություններ էր, հայտնի արտիստները բնակարաններ նվեր ստացան: Ոմանք մինչ այդ վարձով էին ապրում, ոմանց էլ բնակմակերեսն այլևս չէր բավականացնում՝ ըստ քաղաքապետարանի հիմնավորման: Եվ այս նվիրատվությունները ներկայացվում էին ողբաձայն, թվարկվում էին մտավորականների սուղ ու ծանր պայմանները, որոնցից դուրս բերեց գթասիրտ Տարոն Մարգարյանը:
Բնակարաններ նվեր ստացան ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը, ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի Էվելինա Շահիրյանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հովհաննես Այվազյանը: Ընդ որում՝ վերջինիս բնակարան ստանալն արդարացրին այն հանգամանքով, որ նա արտասահմանից մշտական բնակության ու աշխատանքի հրավերներ է ստանում, սակայն, լինելով հայրենասեր, չի լքում Հայաստանը և որպեսզի հայրենիքում ստեղծագործի, նրան նվիրեցին բնակարան: Մինչև հիմա նա վարձով էր ապրում:
Բնակարան նվիրեցին խորհրդային իշխանության տարիներին ՀԿԿ Լենինականի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնում 9 տարի աշխատած Դոնարա Հարությունյանին: Հերոսուհի, բազմազավակ մայրեր Հասմիկ Մկրտչյանի և Գայանե Գրիգորյանի ընտանիքներին, Գարեգին Նժդեհի թոռանը՝ Էսֆիրա Տրդատյանին: Էսֆիրա Տրդատյանին ներկայացրին որպես խորհրդային տարիներին հալածված և դրանից հետո էլ ծանր սոցիալական պայմաններում ապրող ընտանիքի: Իսկ ո՞ւր էին նժդեհական երդվյալները, ինչո՞ւ ձեռք չէին մեկնում ծայրահեղ չքավորության մեջ ապրող ընտանիքին, այդ մասին ոչինչ չասվեց: 1-ին խմբի հաշմանդամ, ազատամարտիկ Վալեր Արզումանյանը և մարտական պահակակետում զոհված Կարեն Մովսեսյանի ընտանիքները ևս ստացան բնակարաններ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
