Քաղաքապետարանը մերժել է փետրվարի 20-ին Ազատության հրապարակում հավաք անցկացնել
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախօրեին տեղեկացել էինք, որ եռյակը որոշել է փետրվարի 20-ին հանրահավաք անել: Երեկ տեղեկացանք, որ առաջին անգամ Երեւանի քաղաքապետարանը մերժել է փետրվարի 20-ին Ազատության հրապարակում հավաք անցկացնելու մասին ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» եւ ՀԱԿ խմբակցությունների իրազեկումը, այն էլ զավեշտալի պատճառաբանությամբ. «Երեւանի քաղաքապետարանը հայտարարում է, որ, համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի, շտապ է այն հավաքը, որը կազմակերպվում եւ անցկացվում է որեւէ իրադարձությանը հրատապ արձագանքելու նպատակով, եւ այդ նպատակին հնարավոր չէ հասնել իրազեկում ներկայացնելու ժամկետի պահպանման պարագայում:
Մինչդեռ գրության բովանդակությունից հետեւում է, որ հավաքն անցկացվելու է հանրապետության նախագահի դեռեւս փետրվարի 12-ի ելույթին արձագանքելու նպատակով: «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի հիշատակված դրույթի եւ գրության բովանդակության համադրումից ակնհայտորեն հետեւում է, որ գրության մեջ նշված իրադարձությանը 8 օր անց արձագանքելու անհրաժեշտությունը չի կարող մեկնաբանվել որպես շտապ հավաքի անցկացման հիմք:
Հետեւաբար, քաղաքապետին ներկայացված գրությունը չի համապատասխանում «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ եւ 27-րդ հոդվածների պահանջներին եւ չի կարող համարվել տեղեկացում շտապ հավաքի մասին»: Մինչդեռ ՀԱԿ ներկայացուցիչ Արեգ Գեւորգյանը, ով շտապ հավաքի մասին իրազեկում էր ներկայացրել քաղաքապետարան, Ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Ի տարբերություն մնացած դեպքերի, երբ անհրաժեշտ էր սպասել քաղաքապետարանի կողմից դիմումն ի գիտություն ընդունելուն, շտապ հավաքի պարագայում օրենքը նման բան չի նախատեսում: Օրենքի համաձայն՝ շտապ հավաքի դեպքում կազմակերպիչներից պահանջվում է միայն տեղեկացնել: Այն կապված է մի իրադարձության հետ, որը պահանջում է շտապ արձագանք: Բոլոր պարտականությունները, որոնք դրված են շտապ հավաքի կազմակերպիչների վրա, կատարվել են, այդ օրն այլ միջոցառում նախատեսված չէ: Այս պահից հավաքը թույլատրված է եւ ընդունված է ի գիտություն. այն համապատասխանում է Սահմանադրությանը եւ օրենքներին»:
