Քաղաքապետը մասնակցել է «Երևան Ջուր» ընկերության նոր վարչական շենքի բացմանը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մայրաքաղաքի ջրամատակարարման օրվա կարգավորիչ «Կովկասյան» ջրամբարի տարածքում կառուցված վարչական շենքի հանդիսավոր բացմանը: Նորակառույցի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀՀ կառավարությանն առընթեր ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանին: Վարչական շենքում այսուհետ գործելու են «Արևմուտք» շահագործման տնօրինության «Արաբկիր», «Պոմպեր» տեղամասերը, ինչպես նաև Առևտրային տնօրինության տարածքային տեղամասը, որոնք նախկինում տեղակայված են եղել վարձակալած տարածքներում: Տարոն Մարգարյանը քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի և «Երևան Ջուր» ՓԲԸ տնօրեն Գոռ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել է շենքում և ծանոթացել ստեղծված պայմաններին: Երկհարկանի շենքի առաջին հարկում գտնվում է ավտովերանորոգման բազան, ինժեներական մյուս կառույցները, պահեստը և այլն: Երկրորդ հարկում տեղակայված են ծառայողական տարածքները: Պատասխանատուները քաղաքապետին վստահեցրել են, որ մայրաքաղաքի ջրամատակարարման բարելավմանն ուղղված ծրագրերը լինելու են շարունակական: Ընդգծելով մայրաքաղաքում ջրամատակարարման որակի կարևորությունը, Տարոն Մարգարյանը նշել է, որ պետք է հետևողական աշխատանք տարվի մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակի բարելավման ուղղությամբ, որպեսզի արդեն առաջիկա տարիներին շուրջօրյա ջրամատակարարում ապահովվի ողջ Երևանում:
