Քիմը վարչապետի «նուրբ ժեստը» չի մոռացել…
Hraparak.am-ը գրում է.
Ինչքա՜ն քիչ բան է պետք մարդուն ոգևորելու, թևեր տալու համար: Քիմի զրույցը կարդալուց հետո հասկացա, որ ինքան քիչ բան է պետք անել մեր կառավարությանը՝ քաղաքացուն, հյուրին ոգևորելու համար:Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության մասին հոդված է գրել հեղինակավոր Time պարբերականում: Հոդվածը շատ զգայացունց է ու տողատակերից երևում է, թե հեռուստաաստղը ինչքան է ոգևորվել, որ ինքը շատ-շատերին կարողացել է ցեղասպանության մասին իրազեկել.
«Դրանից հետո այնքան շատ մարդ մոտեցավ ինձ և ասաց. «Գաղափար չունեի, որ ցեղասպանություն է տեղի ունեցել»։
Բայց Քիմը պատմել է մի բան, որը էությամբ կարող է շատ փոքր բան թվալ, բայց եթե հիշել ու կարևորել է դա, ուրեմն այն նրա համար արժեք է ներկայացրել, մեծ արժեք.
«Նրանք, ովքեր հիշում են 100-րդ տարելիցը, մանուշակագույն կրծքանշան են կրում։ Վարչապետ Հովիկ Աբրահամյան տվեց ինձ իրենը, երբ հանդիպեցինք»:
Տվեց իրե՛նը:
Ի՜նչ փոքրիկ բանից կարող է ոգևորվել մարդը ու անգամ հիշատակել հեղինակավոր Time պարբերականում: Քիմը վարչապետի «նուրբ ժեստը» չի մոռացել: Գուցե նույնիսկ որևէ մեկը ուշադրություն չի դարձրել այս արտահայտության վրա, բայց նրա մեջ ամփոփված է երախտագիտության խորը տարր: Ու պարբերականին տրված եզրահանգման մեջ ամփոփված է Հայաստանի ժողովրդի հանդեպ տածած երախտագիտությունն ու սերը.
«Մենք ունենք այս խնդրի վրա ուշադրություն հրավիրելու հնարավորությունը, ուրեմն ինչո՞ւ ձեռքներս ծալած նստենք։ Հիմա ճիշտ ժամանակն է խոսելու։ Ես շարունակելու եմ հարցեր տալ և պայքարել ցեղասպանության ճանաչման համար»։