ՔԿ ներկայացուցիչը պարզաբանել է Աժ-ի միջադեպը
«Ես հանձնարարել եմ, հիմքերը կհանեն այդ փաստաթղթի». ՔԿ ներկայացուցիչը խոսել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին։
Քննարկման ժամանակ քննիչը ծնողի բարձրացրած հարցի առնչությամբ փաստաթուղթ հրապարակեց, իսկ ծնողն էլ դրանից ոգևորվեց և սկսեց վիրավորել, հետո ջուրը բաժակով, թե ինչով նետեց,- այս մասին այսօր ԱԺ-ում զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը՝ ներկայացնելով միջադեպի մանրամասները:
Բանն այն է, որ սևազգեստ մայրերից Իրինա Ղազարյանը վիրավորվել էր, որ իրեն ասել են, որ որդուն սև բերետի են արժանացել «մոր խնդրանքով, ադալժենի անելով»:
«Հարցմանը ՊՆ-ի պատասխանը քննիչը հրապարակել է, որի կապակցությամբ ծնողը վրդովվել է: Ես հանձնարարել եմ, հիմքերը կհանեն այդ փաստաթղթի: Եթե հանձնաժողովի կարիք լինի, կուղարկենք հանձնաժողովին, կտեսնենք, թե ՊՆ-ից ինչ հիմքերով են մեզ պատասխանել»,-ասել է Մելիքյանը:
Արթուր Մելիքյանը հերքել է պնդումները, թե խաղաղ պայմաններում զինծառայողների մահվանն առնչվող քրեական գործերը կոծկվել են, իրեղեն ապացույցները վերացվել։
Մինչդեռ ծնողը վարկած է առաջ քաշել, որ Հայկազ Բաղմանյանի թիկնապահների կողմից է իր որդին սպանվել: Հիմա գործի նյութերով դա հերքվել է: Անգամ ունենք դատաբժշկական փորձաքննություն, թե ինչից է վրա հասել մահը: Այս պարագայում ծնողը համաձայն չէ այդ ամենի հետ և ունի իր իրավունքները` կարող է դատավարական կարգով բողոքարկել որոշումները»,- ասել է ՔԿ հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետը:
